Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանը տնտեսական շրջափակման մեջ է. Շահան Գանտահարյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին

Լիբանանը տնտեսական շրջափակման մեջ է. Շահան Գանտահարյանն անդրադարձել է 
երկրում ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել, երկրում անորոշությունը շարունակվում է, կառավարության հրաժարականով չի ավարտվում ցուցարարների պահանջը: Ինչ է իրականում կատարվում, ինչի կարիք ունի հայ համայնքը, իրավիճակի զարգացման ինչպիսի սցենարներ կարող են լինել. այս և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: 

-Պարոն Գանտահարյան, ինչ իրավիճակ է ներկայում Լիբանանում: Վարչապետի հրաժարականից հետո ի՞նչ զարգացումներ են սպասվում:
-Բավական բարդ իրավիճակում է հայտնվել Լիբանանը: Արդեն շուրջ 40 օր է բողոքի ակցիաները շարունակվում են: Շարժումը սկսվեց կենցաղային խնդիրներով, հարկային քաղաքականության դեմ բողոքելով, սակայն արդեն այն անցում է կատարել քաղաքական հարթություն: Ցուցարարները պահանջում են սեղմ ժամկետներում ձևավորել բացառապես պրոֆեսիոնալներով կազմված կառավարություն, որի հիմնական գործառույթը պետք է լինի ոչ միայն բարեփոխումներին ուղղված աշխատանքներ իրականացնելը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Ինչպես գիտեք, Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց, և ըստ Սահմանադրության, նախագահը պետք է պարտադիր խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանի անդամների հետ, որոնք առաջադրելու են նոր վարչապետի թեկնածություն: Առ այս պահը չի ճշտվել խորհրդակցությունների ժամանակացույցը: Խոսակցություններ կային, որ վարչապետ Սաադ Հարիրին կարող է վերստանձնել այդ պաշտոնը, սակայն պարզ դարձավ, որ նա չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը, ենթադրվում է, որ նրա առաջադրած պայմանները չեն ընդունվել: Դեռ պարզ չէ, թե ովքեր են լինելու վարչապետի թեկնածուները: Իրավիճակն այն է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել:

-Իսկ այդ հրաժարականն ինչ-որ ձևով հանդարտեցրե՞լ է բողոքի ցույցերը, թե դեռ ցուցարարները շարունակում են փողոցներ փակել:
-Ոչ չի հանդարտեցրել, բողոքի ակցիաները դեռ շարունակվում են: Կառավարության հրաժարականով չի ավարտվում ցուցարարների պահանջը: Ասեմ, որ գործող խորհրդարանին չհաջողեց անհրաժեշտ քվորում ապահովել, նիստ գումարել, որովհետև նախ ցուցարարներն արգելակեցին, որ պատգամավորները գնան նիստին: Դրանից բացի, որոշ պատգամավորներ բոյկոտեցին նիստը: Ստացվում է, որ գործադիր իշխանությունը չկա, խորհրդարանն էլ չի կարողանում իր գործառույթները իրականացնել:

-Քանի որ բողոքի ցույցերը տևական ժամանակ է շարունակվում են, այս ստեղծված իրավիճակը որքանո՞վ է խաթարում երկրում բնականոն կյանքի ընթացքը: Կարծես բանկերի հետ կապված խնդիրներ կան:
-Այո, ճիշտ նկատեցիք: Բնականոն կյանքը, կարծես, սառեցված լինի: Ես կասեի տնտեսական շրջափակման մեջ է: Բանկերը շատ սահմանափակ են աշխատում: Դա խոսում է ֆինանսական խորը ճգնաժամի մասին: Այստեղ ես քաղաքական գործընթացներ եմ տեսնում, հատկապես արտաքին ազդակներ: Ինչպես գիտեք,ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը պարզ ասաց, որ պետք է պաշտպանել Իրաքի և Լիբանանի ժողովուրդներին իրանյան ազդեցությունից: Այս հայտարարությանն արձագանքեցին նաև Ռուսաստանն ու Իրանը: Այն մտավախությունը, որ սոցիալական հողի վրա ձևավորված շարժումը կարող է օգտագործվել արտաքին ուժերի կողմից, արդեն տեսնում ենք:

-Հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակ է, որքանո՞վ է հավանական, որ դա ուղղորդվի Լիբանան:
-Կա այդպիսի մտահոգություն, սակայն առ այս պահը ցուցարարները ցանկանում են խաղաղ բնույթը պահել: Չնայած մենք տեսանք, թե ինչպես տեղ-տեղ բախումներ եղան իրավապահների հետ, նույնիսկ զոհեր գրանցվեցին, բախումներ եղան նաև տարբեր ակտիվիստների միջև: Ամեն դեպքում ընդհանուր շրջագիծը չի հատում խաղաղ ցույցի սահմանները:
-Արդյո՞ք քաղաքացիների համար, ընդհանուր առմամբ, անվտանգության տեսանկյունից խնդիրներ կան:
-Անվտանգության հարցեր այն առումով կան, որ, օրինակ, տեղ-տեղ բախումներ են: Այդտեղ բնականաբար մարդիկ զգուշանում են: Երբ ցուցարարները ճանապարհ են փակում, այնտեղ բանակայինների, իրավապահների միջև բախումային իրավիճակներ են լինում, և մարդիկ անհանգստացած են: Ինչ վերաբերում է զանգվածային անկարգություններին, ապա կարող եմ ասել, որ իրավիճակը վերահսկողությունից դեռ դուրս չի եկել, բայց արձանագրվել են միջադեպեր, որոնք մտածելու տեղիք են տվել: Երկիրը բնականոն կյանքի հունից դուրս է եկել: Մարդիկ չեն կարողանում թե Լիբանանի ներսում, թե Լիբանանից դուրս ֆինանսական տրանսֆերտներ կատարել: Կարծես, երկրում պրկված իրավիճակ է: Թանկացումներ տեսնում ենք արժույթի շուկայում, դոլարի արժեքն է բարձրացել:


-Պարոն Գանտահարյան, Լիբանանում հայ համայնքն ինչի՞ կարիք ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք թե Հայաստան պետությունից, թե հայ ժողովրդից:
-Նախ ասեմ, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լիբանանահայ համայնքի կառույցների կողմից պաշտոնական դիրքորոշումներ չկան, կարծում եմ, որ բավական զգուշավոր պետք է լինել: Ինչպես տեսնում ենք, ժողովրդի զգալի հատվածը դուրսն է, և այդ պահանջներն անառարկելի են՝ կոռուպցիայի, թանկացումների, նոր հարկերի վերաբերյալ: Բայց այնտեղ քաղաքական խնդիրն այն է, որ ցուցարարները ցանկանում են ամբողջ համայնքային համակարգը վերափոխել և երկիրը վերածել քաղաքացիական համակարգի: Գործող համակարգով երկրում հաշվի են առնվում յուրաքանչյուր համայնքի յուրահատկությունները, իրավունքները: Այսինքն՝ պարզ է, թե համայնքը քանի նախարար, պատգամավոր կարող է ունենալ պետական համակարգում: Այդ ամենն օրենքով ամրագրված է: Հիմա պարզ չէ նոր առաջարկներն ինչպես պետք է իրականացնել և հավասարակշիռ ձևով ապահովել համայնքների ներկայությունը:
Ինչ վերաբերում է հայ համայնքի օժանդակությանը, ապա կարծում եմ, որ օրինաչափ է, երբ պետությունը հետաքրքրվում է տվյալ տարածաշրջանում և՛ իր քաղաքացիներով, և՛ ազգությամբ հայերով, ինչպես Սիրիայի դեպքում: Կարծում եմ, որ պետք է պետությունն ամեն հնարավոր զարգացումների պատրաստ լինի: Շատ կարևոր է, որ աշխատանք լինի պետության և համայնքի կառույցների միջև:


Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]