Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցմանն առնչվող նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց օտարվող սեփականության դիմաց տրվող 
փոխհատուցմանն առնչվող նախագծին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող համարժեք փոխհատուցման չափը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում, ըստ էության, արձանագրվում են ապօրինի գործողություններ, կամայական մոտեցումներ։ Քաղաքացու սեփականությունը ՀՀ-ում պետք է պաշտպանված լինի, և սեփականությունը զիջելու դեպքում նրանց հատուցումը պետք է լինի համարժեք և լիարժեք: Եվ որպեսզի բնակիչները խնդիրներ չունենան, հատուցման պահանջը պետք է լինի շատ հստակ»,-ասաց Էնֆիաջյանը:

Գործող օրենքով օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Պատգամավորները նախագծով առաջարկում են, որ  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը: Էնֆիաջյանը նշեց, որ նախքան նախագիծը կազմելը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել խնդրին առնչված շատ քաղաքացիների հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց՝ խնդիր իսկապես կա, սակայն այդ խնդիրը ներկայացված օրենքում չպետք է լուծվի: Նա նշեց, որ Էնֆիաջյանի բերած օրինակները վերաբերում են բիզնես ոլորտին, և դրանք պետք է կարգավորվեն այլ օրենքով: Նա պատրաստակամություն հայտնեց միանալ և Էնֆիաջյանի հետ միասին օրինագիծ նախաձեռնել:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց՝ փաստում են, որ այս ոլորտում իսկապես կան խնդիրներ: «Այնուամենայնիվ, ներկայացված նախագիծն այդ խնդիրների լուծմանն ուղղված չէ: Մեր կողմից ներկայացված դատական նախադեպերը նույնպես հիմնավորում են, որ Եվրոպական դատարանը կարևորում է արդարացի փոխհատուցման պահանջը: Վերջինս ենթադրում է շուկայական համարժեք փոխհատուցում: Արդարադատության նախարարությունը զբաղվում է այս հարցով։ Մենք գտնում ենք, որ այս ոլորտում կան խնդիրներ, որոնք դատական մի շարք ատյաններում քննարկվել են, սակայն այդ խնդիրները հիմնականում կապված են փորձաքննությունների, սխալ գնահատման, հանրային գերակա շահի չափանիշների հետ, այլ ոչ թե 15 տոկոսից ավելի փոխհատուցման»,-ասաց Գրիգորյանը:

Քվեարկությամբ նախագիծն արժանացավ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]