Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային պատկերասրահը միջազգային չափանիշներով օդափոխման և ջերմախոնավային համակարգ կունենա

Հայաստանի ազգային պատկերասրահը միջազգային չափանիշներով օդափոխման և 
ջերմախոնավային համակարգ կունենա

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահը, որը երբեմն չի կարողացել Հայաստան բերել և իր հարկի տակ ներկայացնել անվանի նկարիչների գործեր միջազգային պահանջները բավարարել չկարողանալու պատճառով, ՀՀ կառավարության աջակցությամբ մի քանի ամիս հետո օդափոխման և ջերմախոնավային համակարգ կունենա:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Նա պատմեց, որ շենքը կառուցվել է մաս-մաս, և ամենամեծ խնդիրը, որն այն ունեցել է օդափոխության և ջերմախոնավային համակարգ չունենալն էր: Խորհրդային Միության տարիներին շենքում տեղադրվել է համակարգ, որը շատ կարճ է գործել: «Մոտ քառասուն տարի բարձիթողի վիճակ է եղել: Ամռանը վերևի հարկի դահլիճներում ջերմաստիճանը հասնում է +40-ի: Արվեստի գործերի համար պահպանության ռեժիմը 18 կամ 20 աստիճան է, և մեծ տատանումը կարող է կործանարար լինել ցուցանմուշների համար: Վատ են պայմանները նաև աշխատակիցների համար: Ամեն անգամ վերևի հարկեր բարձրանալիս ամաչում էի, որովհետև +40 աստիճանին գործընկերներին աշխատել ստիպելն, ըստ իս, ճիշտ չէ: Պատահել է, որ պատկերասրահում շրջելուց հետո զբոսաշրջիկները մոտեցել են ինձ ու ասել, որ բարբարոսներ ենք»,-խոստովանեց տնօրենը:

Արման Ծատուրյանը նախկինում ահազանգել է վիճակի մասին, բայց խնդիրը լուծում չի ստացել: «Վերջերս այդ խնդրով դիմեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, և նախարար Արայիկ Հարությունյանի անմիջական մասնակցությամբ հարցը լուծվելու է: Մեզ տրամադրվել  602 մլն դրամ: Եթե շենքը զրոյից են սարքում, նման համակարգն անհամեմատ ավելի մատչելի է, բայց վերակառուցման դեպքում այն թանկ է: Մենք իրականացրել էինք նախագծային բոլոր աշխատանքները: Հայտարարվել էր տենդեր, արդեն կա հաղթող կազմակերպություն: Չորս կամ հինգ ամիս հետո պատկերասրահը կունենա օդափոխման և ջերմախոնավային համակարգ»,-տեղեկացրեց Ծատուրյանն  ու հավելեց, որ յուրաքանչյուր սրահում կլինի ջերմաստիճանը կարգավորող համակարգ:

Ծատուրյանը հավելեց, որ տեխնիկական վերահսկողություն են իրականացնելու: «Հրավիրել ենք միջազգային անկախ փորձագետի, որը ևս կհսկի գործընթացը: Ես նույնպես ուշադիր հետևելու եմ կատարվող աշխատանքներին»,-եզրափակեց տնօրենը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]