Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ վարչապետը հանդիպել է ԱՊՀ լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին

ՌԴ վարչապետը հանդիպել է ԱՊՀ լրատվական գործակալությունների ղեկավարների 
խորհրդի նիստի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է ռուսական ՏԱՍՍ գործակալության կենտրոնական գրասենյակ, որտեղ անցկացվել է ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ ինֆորմխորհրդի) 27-րդ նիստը: Օրակարգում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների քննարկման հարցն էր:

«ԱՊՀ ինֆորմխորհուրդը միավորում է մեր բոլոր պետությունների գործակալություններին: Ես ինչպես հասկացա, այս հանդիպումը երկար ժամանակ անց տեղի է ունենում Մոսկվայում: Դուք ունեք հնարավորություն գնահատելու Մոսկվան նոյեմբերին, վայելել սառը եղանակը և տեսնել, թե ինչպես է աշխատում ՏԱՍՍ գործակալությունը ժամանակակից մոտեցմամբ: 

Եթե խոսենք մեր կապերից, ապա մենք արդեն 30 տարի ապրում ենք տարբեր պետություններում: Այս ընթացքում մեր երկրներում բազմաթիվ դժվարություններ են եղել, տարաձայնություններ, սակայն պատմական, մշակութային, մարդկային կապերը միևնույն է մնում են: Մարդիկ շարունակում են շփվել, հանդիպել, ընտանիք կազմել: Ռուսաստանում ապրում են բազմաթիվ ներգաղթյալներ ԱՊՀ երկրներից, և նույն ԱՊՀ երկրներում բնակվում են բազմաթիվ մարդիկ, որոնք ապրել և կրթություն են ստացել մեր երկրում, ովքեր խոսում են ռուսերեն: Ես կարծում եմ, որ հենց դրանով է պայմանավորված եղած կապերն ամրապնդելու ցանկությունը: Ես հասկանում եմ, որ ձեր միջև ձևավորված կապերը, հարաբերությունները թույլ են տալիս լուծել բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ, ամենակարևորը մեր երկրների մասին ստանալ անաչառ տեղեկատվություն օպերատիվ կերպով»,-նշել է ՌԴ վարրչապետը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրել է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարության նախապատրաստական գործընթացում տեղեկատվաորոնողական աշխատանքները: Նա ընդգծել է, որ գործակալության ջանքերով գտնվել են զինծառայողների ու սպաների հազվագյուտ լուսանկարներ, որոնք արվել են տարբեր ռազմաճակատներում: Անանյանն անդրադարձել է Մեծ Հայրենականին նվիրված նախագծերին, ներկայացրել է հաղթանակի կերտման գործում նաև «Արմենպրես»-ի աշխատակիցների ներդրումները: ««Արմենպրես»-ի թղթակիցները Մեծ Հայրենականի հաղթանակին իրենց նպաստն են բերել՝ թե զենքը ձեռքին կռվելով հանուն հայրենիքի, թե գրչով և վրձինով ստեղծելով արդիական ու որակյալ տեղեկատվություն, թե 100-ից ավելի գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող պլակատներով, որոնց թվայնացումն ու հրապարակումը գործակալությունն արդեն իրականացրել է 5 տարի առաջ՝ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,-նշել է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը: Բացի ավանդական միջոցառումների և իրադարձությունների լուսաբանումից, տնօրենի հավաստմամբ, «Արմենպրես»-ը մի քանի հետաքրքրական նախաձեռնություններ նույնպես իրականացնելու է, որոնցից են օրինակ արմենպրեսական ֆոտոթղթակից Սուրեն Խոսրոևի ռազմաճակատային լուսանկարների թվայնացումը, ինչպես նաև նախագիծը, որը պայմանականորեն անվանվել է «61», որի շրջանակներում թվայնացվել են Երևանում ձևավորված 61-րդ դիվիզիայի մարտիկներին պատկերող Սուրեն Խոսրոևի շուրջ վեց տասնյակ նկարները:  

Ռուսաստանի Դաշնության ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը տեղեկացրել է, որ նախատեսում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, պատրաստվում են «Մամուլը պատերազմում» մեծ ֆոտոցուցահանդեսի: «Դա մեր ընդհանուր տոնն է, մեր ժողովուրդները մարտնչել են հանուն հաջորդ սերունդների իրավունքների: Մենք իրավունք չունենք մոռանալու այն մարդկանց սխրագործությունները, որոնք հաղթանակած են դուրս եկել արյունալի պատերազմում»,-նշել է Սերգեյ Միխայլովը:

ԱՊՀ-ի Ինֆորմխորհուրդը կազմավորվել Է 1995 թվականի նոյեմբերին: Դրա կազմի մեջ մտնում են՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պետական լրատվական ծառայությունների ղեկավարները: ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի գործունեությունը նպատակամղված Է տեղեկատվության ոլորտում ԱՊՀ-ի երկրների փոխգործակցության եւ համագործակցության ապահովմանը, տեղեկատվության անարգել տարածման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ մասնագիտական գործունեության փորձի արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաեւ մեդիագործընկերության ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am