Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրահամը խոստովանել է՝ Սպիտակ տունն է իրեն խնդրել արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևը Սենատում

Գրահամը խոստովանել է՝ Սպիտակ տունն է իրեն խնդրել արգելափակել Հայոց 
ցեղասպանության բանաձևը Սենատում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամը հայտարարել է, որ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևի քննարկումն արգելափակել է Սպիտակ տան խնդրանքով:

«Ինձ խնդրեցին և ես ասացի՝ իհարկե»,-Axios-ին պատմել է Գրահամը: Նրա որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվել է Վաշինգտոնում, և այդ ժամանակ Սենատում հարցի քննարկումը կարող էր լուրջ վնաս հասցնել հարաբերություններին: «Ես փորձեցի փրկել հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ «վետոն» կիրառելուց հետո անհարմար է զգացել Ռոբերտ Մենենդեսի նկատմամբ, ով Սենատի օրակարգ էր բերել բանաձևը, քանի որ լավ է վերաբերվում սենատոր Մենենդեսին և գիտի, որ մի քանի տարի նա աշխատում է բանաձևը Սենատում ընդունելու ուղղությամբ:

Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Գրահամը նոյեմբերի 13-ին բանաձևի քննարկումն արգելափակել էր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի խումբ սենատորների հանդիպմանը մասնակցելուց հետո: Նա օգտվել էր Սենատում ցանկացած նախագծի ընդունման նկատմամբ «վետոյի» իր իրավունքից, որն ունեն սենատորներից յուրաքանչյուրը: «Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- այն ժամանակ հայտարարել էր Գրահամը Սենատի նիստի ընթացքում:

Գրահամի կողմից արգելափակելուց հետո կրկին Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ է արել գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, որոնք հոկտեմբերի 29-ին ընդունեցին պալատի բանաձևը, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը: «Այս բանաձեւը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատական, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողության ականատես եղել»,-ասել է Մենենդեսը: Աջակցություն հայտնելով Մենենդեսի նախաձեռնությանը, ազդեցիկ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հիշեցրել է, հենց «ցեղասպանություն» եզրը մշակելով, Ռաֆայել Լեմկինը օգտագործել է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]