Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

«Լավագույն» բարեկամները հեռանում են ...

«Լավագույն» բարեկամները հեռանում են ...

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի նոյեմբեր ամսվա սկզբին, Ադրբեջանը որոշում է կայացրել փակել Ստոկհոլմում իր դեսպանատունը: Այդ դեսպանատան գործունեությունը տարածվում էր երեք երկրների վրա` Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի: Այս քայլը, պատասխանն է Նորվեգիայի իշխանությունների այն որոշման, որով նրանք փակելու են իրենց դեսպանությունը Բաքվում:

Բաքվում իր դեսպանատունը փակելու որոշումը պաշտոնական Օսլոն մեկնաբանել է նրանով, որ Բաքվի և Օսլոյի միջև դիվանագիտական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Փոխարենը՝ Նորվեգիան դեսպանատուն կբացի Վրաստանում: Բաքվի` սկանդինավյան երկրներում իր դեսպանատունը փակելու որոշումը, ամենայն հավանականությամբ, պատասխան քայլ էր:

Ադրբեջանական ընդդիմությունը նորվեգական դեսպանատան փակումը լուրջ անհաջողություն է համարում և դա կապում է Ադրբեջանում ժողովրդավարության հետընթացի հետ։

«Հանրապետական այլընտրանք կուսակցության» առաջնորդ Իլգար Մամեդով.

«Նորվեգիայի ԱԳՆ-ն շատ պարզ, դիվանագիտական լեզվով հայտնել է իր դիրքորոշումը. «Մենք Բաքվում մեր դեսպանատունը փակում ենք և այն բացում ենք Թբիլիսիում, որովհետև Վրաստանը ձգտում է հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այստեղ միայն հետընթաց կա»։ Ես չեմ հիշում ադրբեջանական դիվանագիտության առավել լուրջ անհաջողություն 1991-1992թ.թ.-ին միջազգային հանրության կողմից Ադրբեջանի անկախության ճանաչումից ի վեր»։

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլի. «Նորվեգիան հայտնի է որպես ամենազարգացած ժողովրդավարական պետություններից մեկը։ Ադրբեջանից նրա հեռանալը ցուցանիշ է, որ Նորվեգիան կորցրել է վստահությունն Ադրբեջանի իշխանությունների հանդեպ։ Նորվեգիայի օրինակին կարող են հետևել նաև Եվրոպական այլ պետությունները։ Այդ ամենն Ադրբեջանում դինաստիայով փոխանցվող իշխանության հաստատման, կոռուպցիայի բարձր մակարդակի արդյունք է։ Նորվեգիայի դեսպանության հեռացումը մեծ հարված կլինի երկրի վարկանիշին»։

Ադրբեջանի արտաքին քաղաքականության լուրջ ձախողման արդյունքում, Իլհամ Ալիևի հրամանագրով, Ադիշ Սաքիթ օղլու Մամեդովն ազատվեց Շվեդիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Հետկանչը կապված էր Բաքվում Նորվեգիայի դեսպանատան փակման եւ երկրների միջեւ հարաբերություններում հետընթացի հետ: Ադրբեջանի դեսպանը չկարողացավ լուծել սկանդինավյան տարածաշրջանում Ադրբեջանի հեղինակության ամրապնդման խնդիրները։ Արդյունքում՝ Օսլոն ընտրություն կատարեց հօգուտ Վրաստանի: Բացի դա, Վրաստանի կենտրոնական դիրքը տարածաշրջանի քարտեզի վրա և նրա կապերը հարևանների հետ Նորվեգիայի դեսպանատան համար ստեղծել են դիվանագիտական կորպուսի գործունեության ընդլայնման հնարավորություն: Օսլոյի օգտին է նաև վրացիների ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության գծով նախագծերին։

Ստոկհոլմի օրինակին հետևեց նաև Պերուի Հանրապետությունը՝ որոշում կայացնելով իր դիվանագիտական կորպուսի աշխատանքները դադարեցնել Ադրբեջանում և աշխատանքների վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 1-ը:

Այս ամենը վկայում է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման բնագավառում տիրող վատթար իրավիճակի մասին: Միջազգային տարբեր կառույցների կողմից հրապարակված զեկույցներն արտացոլում են Ադրբեջանում տիրող մեղմ ասած «անմխիթար» ներքաղաքական իրավիճակը:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից որդեգրած ավտորիտար ղեկավարման ռեժիմը, մարդու խոսքի և ազատության հանդեպ օրեցօր ավելացող հալածանքները՝ չի բացառվում, որ Օսլոն և Պերուն վերջինները չեն լինի, որ դադարեցրեցին իրենց դիվանագիտական կորպուսի աշխատանքները Ադրբեջանում:   




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ