Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Գյումրիում մեկնարկեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 23-ին մեկնարկեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը: Արդեն երրորդ անգամ անցկացվող համաժողովի առանցքային թեմա է ընտրվել մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումը՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։ Այս տարի համաժողովը հյուրընկալել է  ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի՝ ՀՀ  բոլոր մարզերից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը երկօրյա  համաժողովն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից;

Համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից , «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով։ 

«Համաժողովի նպատակն է ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբելը, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների բարձրագույն կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկելը, մարզային հաջողված փորձերը ներկայացնելն ու փորձի փոխանակումը` հիմք ընդունելով Բարձր տեխնոլոգիաները՝ որպես մարզերի հզորացման երաշխիք»,- իր խոսքում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի  ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը։

Ողջունելով համաժողովի բոլոր մասնակիցներին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կարևորեց հենց մարզերում նման համաժողովների անցկացումը: «Մենք առաջնահերթ ենք համարում մարզերի զարգացումը՝ ստեղծելով նոր կրթական կենտրոններ: Մենք  ունենք  այն վստահությունը, որ Հայաստանը կապահովի տեխնոլոգիական առաջընթաց և պետք է դառնա ու կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր՝  իր հետևից տանելով ռազմարդյունաբերության  և թվայնացման ճյուղը: Մեր ամբողջ հույսը կրթվող ու նորը սովորող սերունդն է»,-նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Շիրակի մարզի համար մեծ պատիվ է Երևանից դուրս դառնալ բարձր տեխնոլոգիաների «արտահանող» միջավայրերից մեկը: Իրապես Շիրակն ունի տեխնոլոգիական ամբիցիաներ ու այդ ամբիցիաները բավարարելու գործողություններ: Իմ համար  շատ ոգևորող է մի քանի օր առաջ արված հայտարարությունը, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական ու ռազմարդյունաբերական  բյուջեն քառապատկվելու է՝  2 մլրդ դրամ ստարտափերի համար, 6 հազար մարդու վերապատրաստում՝ մեկ տարում: Սրանից Շիրակի մարզն օգտվելու է, իսկ այսուհետ ոչ մի ոլորտի զարգացում առանց բարձր տեխնոլոգիաների զարգացման չի լինելու»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Համաժողովի պաշտոնական բացման արարողությունից հետո մեկնարկեցին պանելային 3 քննարկումներ՝ «Երիտասարդ մասնագետները առաջատար տեխնոլոգիական ընկերություններում՝ հնարավորություններ և մարտահրավերներ», «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթությունները և մարտահրավերները» և «Բարձրագույն կրթությունը որպես մարզերի տեխնոլոգիական զարգացման գրավական»:

Համաժողովի 2-րդ օրը՝ նոյեմբերի 24-ին, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն սեմինարներ և առաջատար բիզնես մասնագետները կկիսվեն մասնակիցների հետ իրենց փորձով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]