Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Գեղարքունիքի մարզպետարանը և Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամը կհամագործակցեն

Գեղարքունիքի մարզպետարանը և Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամը կհամագործակցեն

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային  հիմնադրամ»-ի տնօրեն Սերգեյ Ավանեսովը համատեղ  ստորագրեցին  համագործակցության հուշագիր՝ Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ստրատեգիայի իրականացման պայմանների բարելավմանն ուղղված գործունեության կոորդինացման եւ ներդրումային գրավչության աճին աջակցելու նպատակով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ կողմերը հույս հայտնեցին, որ մեկնարկող   համագործակցությունը կնպաստի մարզի տնտեսական ու զբոսաշրջային գրավչության աճին, նպաստավոր միջավայր  կստեղծի  մարզում  պոտենցիալ ներդրողների ներգրավման համար: «Այն կնպաստի  նաեւ ազատ տնտեսական գոտու  ստեղծմանը, բազալտե մանրաթելերի  եւ դրանց հիմքի վրա կոմպոզիտային նյութեր արտադրող գործարանի կառուցմանը, տեխնոպարկի ստեղծմանը, Չինաստանի տարածքում Հայաստանի առեւտրային տան բացմանը, որում կներկայացվեն Գեղարքունիքի մարզում արտադրված ապրանքատեսակները, Գեղարքունիքի մարզի եւ Չինաստանի ուսումնական հաստատությունների միջեւ  ուսանողների կրթական փոխանակմանը, Գեղարքունիքի մարզի տարածքում  արտադրվող ապրանքների արտահանմանը Չինաստան, փոխհամագործակցությանը ներդրումների իրականացման եւ աշխատատեղերի ստեղծման գործում:  «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային  հիմնադրամը» հետաքրքրված է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում ներդրողների ներգրավմամբ, ինչպես նաեւ Սեւանի ափամերձ տարածքներում զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ հյուրանոցների շինարարության համար»,- նշեց  Սերգեյ Ավանեսովը:

Համաձայն ստանձնած պարտավորության՝ Գեղարքունիքի մարզպետարանը սույն հուշագրի իրականացման ընթացքում  պարտավոր է  տեղեկատվական, խորհրդատվական, իրավաբանական եւ մեթոդական օգնություն տրամադրել  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված իրավասությունների շրջանակներում: Մարզպետարանը պետք է  աջակցի ներդրումների համար նպաստավոր հողամասերի հայտնաբերմանը, որոնք գտնվում են Սեւանա լճի ափամերձ տարածքներում:Միաժամանակ մարզպետարանը  պետք է օժանդակի պոտենցիալ ներդրողներին համատեղ ձեռնարկությունների ստեղծման եւ կայացման հարցերում ինչպես Հայաստանում, այնպես էլ` Չինաստանի տարածքում,  մասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում  տարածաշրջանի ճանաչելիության, հնարավորությունների եւ ներդրումային գրավչության բարձրացմանը: «Ես համոզված եմ, որ այս փաստաթղթի կնքումը կարող է հետագայում լուրջ եւ նշանակալից դեր ունենալ: Հայաստանի ղեկավարությունը ակնհայտ ցույց է տվել, որ հասկանում եւ գնահատում է Չինաստանի տնտեսական հզորությունը, եւ մենք պատրաստ ենք՝ տարբեր ոլորտներում իրականացնել մեր համագործակցությունը: Հայաստանի տարբեր մարզեր Չինաստանի հետ ունեն լայնաշերտ համագործակցություն, եւ ես ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը եւս ընդգրկվելու  է դրանց շարքում: Ուրախ եմ, որ մեր մարզը հետաքրքրում է  չին գործընկերներին: Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է աջակցել այս համագործակցությանը, որպեսզի համատեղ հնարավոր լինի կյանքի կոչել նորանոր ծրագրեր: Կողմերը պետք է ջանք չխնայեն, որպեսզի այն, ինչ ստորագրել ենք,  վերածվի գործի : Մաղթում եմ մեզ գործնական համագործակցություն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ