Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիան ՀՀ երկրորդ տնտեսական գործընկերն է ԵՄ-ում. Վարչապետներն արդյունավետ են գնահատում հանդիպումը

Իտալիան ՀՀ երկրորդ տնտեսական գործընկերն է ԵՄ-ում. Վարչապետներն 
արդյունավետ են գնահատում հանդիպումը

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իտալիայի առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները. այս պահի դրությամբ Իտալիան Հայաստանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի ընթացքում Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ հանդիպման արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ:

«Մեր բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրեցինք առևտրատնտեսական հարաբերություններին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ վարչապետը:

Նա Իտալիայի վարչապետին տեղեկացրել է նոյեմբերի 21-ին Իտալիայի ֆինանսական և արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին: «Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնել Երևանում: Անդրադարձանք զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Կարևորեցինք 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նա Կոնտեի հետ առանձնազրույցը բովանդակալից և արդյունավետ է բնութագրել՝ նշելով, որ  բանակցությունները ևս մեկ անգամ փաստել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց զարգացումը խթանելու փոխադարձ պատրաստակամությունը։

«Ուրախ եմ առաջին անգամ պաշտոնական այցով գտնվել Իտալիայում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ պարոն Ջուզեպպե Կոնտեին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար»,-նշեց ՀՀ վարչապետը:  

Նա ընդգծեց՝ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին։

«Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում։ Գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։ Անդրադարձանք Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը, ինչը մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր օրինակ է: Մտքեր փոխանակեցինք սիրիական ճգնաժամի շուրջ, մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ: Համոզված եմ, որ այսօրվա մեր արդյունավետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի մեր երկրների համագործակցությանը, և մեր օրակարգը կհամալրվի բազմաբովանդակ նախաձեռնություններով: Կարող եմ արձանագրել, որ այսօրվա հանդիպման արդյունքներով մեր երկրների միջև առկա բավական դրական մթնոլորտը կդառնա շատ ավելի դրական, և կարծում եմ՝ մեր հանդիպումը մեծացրեց այն լավատեսական լիցքը, որն առկա է մեր երկրների միջև հարաբերությունների առումով»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

Շանթ Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]