Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչները որակավորման ստուգում են անցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչները նոյեմբերի 22-ին մասնակցել են նախապես հայտարարված որակավորման ստուգման, որի համար հայտ ներկայացրած 86 դիմորդներից մասնակցել է 82-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
որակավորման ստուգումն անց է կացվել ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, նիդերլանդերեն (հոլանդերեն), պորտուգալերեն, չինարեն, վրացերեն, եբրայերեն, շվեդերեն, արաբերեն և պարսկերեն:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից. տեքստերը նախապես հրապարակված չեն եղել: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք է ունեցել օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցին միանալու հնարավորության:
Ստուգումների արդյունքները գնահատվելու են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվելու է դրական:
Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո որակավորման տեղեկանք ստացած մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՆ պաշտոնական կայքէջում: