Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԱԳՆ հերթական մանիպուլյացիան Խոջալուի դեպքերի վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ հերթական մանիպուլյացիան Խոջալուի դեպքերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը նոյեմբերի 21-ին մեկնաբանել է Միլանում ադրբեջանցի «բլոգերի», իսկ իրականում Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակցի հետ հարցուպատասխանի ընթացքում Խոջալուի միջադեպի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունները:

Լեյլա Աբդուլլաևան կրկին իբրև հակափաստարկ մեջ է բերել բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված: Ըստ այդ հատվածի՝ Ս. Սարգսյանը նշել է. «Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, որ … հայերը ունակ չեն ձեռք բարձրացնելու քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք կոտրել այդ ստերեոտիպը»:

Վերոնշյալ հարցազրույցն անցկացվել է 2001 թ.: Այնուհետև միայն այդ հատվածը Թ. դե Վաալը հրապարակել է իր «Սև այգի» գրքում: Անմիջապես հրապարակումից հետո այն դարձել է քարոզչական գործիք ադրբեջանական կողմի համար: Ավելի ուշ, սակայն, Թ. դե Վաալը ստիպված է եղել հրապարակելու հարցազրույցի ամբողջական տարբերակը, որից պարզ է դառնում, որ կոնտեքստում նշված խոսքերն ամբողջովին այլ իմաստ են արտահայտում: Ստորև ներկայացնում ենք այդ հատվածն ամբողջությամբ:

«Գիտեք, նման բաների մասին բարձր չեն խոսում: Ասում են, որ հնարավոր է: Ես նույնպես այդպես կվարվեի: Առաջին հերթին Ադրբեջանի նախկին ղեկավարը [Այազ Մութալիբով՝ խմբ.] ասել է, որ դա հայերը չէին, այլ իրենք ադրբեջանցիները: Ասեմ, որ ճշմարտությունը կարող է այլ բանի մեջ լինել: Ամեն դեպքում Խոջալուն որոշ ժամանակ շատ խիստ կերպով զզվեցնում էր ամբողջ Ղարաբաղին, որովհետև այնտեղ էր տեղակայված օդանավակայանը, որովհետև Հայաստանի հետ մեր միակ կապը օդային փոխադրամիջոցն էր, որովհետև այնտեղ [Խոջալուում՝ խմբ.] տեղակայված էր ՕՄՕՆ-ը (Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ): Այնտեղ ինչ-որ բան տնտղում էին, շատ մարդկանց էին ձերբակալում: Բացի այդ, տեղակայված լինելով անմիջապես Ստեփանակերտի տակ՝ նրանք իրենց թույլ էին տալիս կրակի տակ պահել այն: Բայց, կարծում եմ, որ ամենագլխավորն այլ բան է: Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, որ նրանք պարզապես կատակում են մեզ հետ: Ադրբեջանցիները մտածում էին, որ հայերը մարդ են, որոնք չեն կարող ձեռք բարձրացնել խաղաղ բնակչության վրա: Պետք է էր այդ ամենը կոտրել: Այդպես էլ եղավ: Պետք է նաև հաշվի առնել, որ այդ տղաների մեջ կային նրանք, որոնք փախել էին Բաքվից, Սումգայիթից:

Սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում շատ բան է ուռճացվել, շատ բան:

Ադրբեջանցիներին առիթ էր պետք, որ ինչ-որ բան հավասարեցնեին Սումգայիթին: Բայց սրանք որևէ կերպ չի կարելի համեմատել: Այո՛, Խոջալուում իրոք խաղաղ բնակչություն կար: Սակայն խաղաղ բնակչության կողքին կային նաև զինվորներ: Եվ երբ արկը թռչում է՝ այն չի տարբերում խաղաղ բնակչին զինվորից, այն աչքեր չունի: Եթե խաղաղ բնակչությունը մնում է այդտեղ՝ չնայած փայլուն հնարավորություն կար հեռանալու, նշանակում է՝ այն նույնպես մասնակցում է մարտական գործողություններին … Եվ միջանցքը նրանց թողնվել էր ոչ նրա համար, որ նրանց որևէ տեղ գնդակահարեին, գնդակահարել կարելի էր նաև Խոջալուում, այլ ոչ թե Աղդամի մատույցներում»:

Փաստացի հարցազրույցում Ս. Սարգսյանը միայն չի բացառում, որ պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծությունից և քաղաքում ընթացած մարտերի ընթացքում կարող էին նաև բնակիչներ զոհվել հենց Խոջալուում: Ըստ որում, դա այն դեպքում, երբ մինչ այդ Արցախի ինքնապաշտպանության ուժերը հնարավորություն էին տվել տարհանելու բնակչությանը: Այսինքն, անգամ այդ պարագայում պատասխանատվությունը նույնպես ընկնում է Ադրբեջանի այդժամանակյա ղեկավարության վրա, որոնք հրաժարվել են տարհանել բնակիչներին պատերազմական գոտուց:

Կարևոր է ընդգծել, որ, ըստ անմիջապես դեպքերի ժամանակ Խոջալուում եղած ռուս լրագրող Վիկտորիա Իվլևայի վկայության՝ բնակավայրում ինքը հաշվել է միայն 7 բնակչի դիակ, այդ թվում մեկը՝ ոստիկանի համազգեստով:

Խոջալուի բնակիչների շրջանում զոհերի մարմինների հիմնական լուսանկարները, որոնք տարածում է ադրբեջանական կողմը, արվել են Խոջալուից շուրջ 10 կմ հեռավորության վրա՝ Աղդամում տեղակայված Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» շարժման զինված ստորաբաժանումների դիրքերից ընդամենը 800-900 մ հեռավորության վրա: Ինչպես տեսնում ենք Ս. Սարգսյանի հարցազրույցից, վերջինս հերքում է այն լուրերը, թե նշված անձանց Արցախի ինքնապաշտպանության ուժերի զինծառայողներն են սպանել՝ նշելով, որ եթե ուզենային սպանել, դա կանեին Խոջալուում, ոչ թե Աղդամի մատույցների մոտ: Ադրբեջանական կողմը, սակայն, աշխատում է շրջանցել այս կարևոր հատվածը, և Ս. Սարգսյանի խոսքերը կոնտեքստից կտրելով ներկայացնել իրենց ձեռնտու լույսի տակ:

Կարևոր է նաև նշել, որ Խոջալուի միջադեպի ուսումնասիրության ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆատալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները իրազեկված են եղել հարձակման մասին։ Չնայած սրան, փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահի, վարչապետի, «ԿԳԲ»-ի ղեկավարի մասնակցությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստում «որոշում է կայացվել մարդկանց չտարհանել Խոջալուից»։ Ռ. Ֆատալիևը հայտարարել է, որ Խոջալուի դեպքերի պատճառ դարձած հիմնական սխալն այդտեղ է թույլ տրվել:

Ադրբեջանի ղեկավարությունը մտածել է, որ խաղաղ բնակչության՝ Խոջալուում մնալու դեպքում Արցախի ինքնապաշտպանության ուժերը հարձակումը չեն սկսի: Հենց սրան է ուղղված Ս. Սարգսյանի խոսքը, որ «Ադրբեջանցիները մտածում էին, որ հայերը մարդ են, որոնք չեն կարող ձեռք բարձրացնել խաղաղ բնակչության վրա»: Այսինքն՝ ադրբեջանական կողմը մտածում էր, որ խաղաղ բնակչությանն իբրև կենդանի վահան օգտագործելով կարող է պահել Խոջալուն և այդտեղից շարունակել հրետակոծել Ստեփանակերտը, ինչպես նաև կտրել Արցախ-Հայաստան օդային կապը, ինչը մինչև 1992 թ. մայիսի 17-18-ը Լաչինի (Բերձոր) ազատագրումը կապի միակ միջոցն էր: Սակայն, հաշվի առնելով այս փաստերը, ինչպես նաև նախապես ադրբեջանական կողմին հարձակման մասին իրազեկելու և հումանիտար միջանցք թողնելու հանգամանքը՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերը որոշված օրը սկսել են հարձակումը և զբաղեցրել Խոջալուն:

Տարոն Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]