Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի անկախացման օրինականությունը. Ադրբեջանի ԱԳՆ մանիպուլյացիայի հետքերով

 Արցախի անկախացման օրինականությունը. Ադրբեջանի ԱԳՆ մանիպուլյացիայի 
հետքերով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանում արած հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ամբողջությամբ խորհրդային օրենքների շրջանակներում է ինքնորոշվել և անկախացել՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե դա «հակասում էր խորհրդային օրենսդրությանը»:

Ադրբեջանական արտաքին գերատեսչության մամուլի խոսնակն իբրև «փաստարկ» նշել է այն, թե ԼՂԻՄ-ը չէր կարող ինքնորոշվել առանց Խորհրդային Ադրբեջանի համաձայնության:

Այստեղ հարկ ենք համարում հղում կատարելու Լ. Աբդուլլաևայի մատնանշած ԽՍՀՄ օրենսդրությանը.

1990 թ. ապրիլի 3-ի` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տալ ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Ինքնավար կազմավորումների կողմից սեփական պետաիրավական կարգավիճակի հարցի որոշման կարգը, ըստ այդ օրենքի 3-րդ հոդվածի, սահմանվում էր հետևյալ կերպ.

«Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետությունում հանրաքվեն անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձնաբար: Ինքնավար հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀՄ կազմում կամ անջատվող միութենական հանրապետության կազմում մնալու մասին հարցը ինքնուրույն որոշելու, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի մասին հարց բարձրացնելու իրավունքը:

Այն միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք (կոմպակտ) բնակվող ազգային խմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս քվեարկության արդյունքներն այդ վայրերում հաշվարկվում են առանձնաբար»:

Մինչև 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անկախության հանրաքվեի անցկացումը, 1991 թ. օգոստոսի 30-ին, Խորհրդային Ադրբեջանի գերագույն խորհուրդն արդեն իսկ ընդունել էր «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» հռչակագիրը: Իսկ արդեն հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի ազգային խորհուրդն ընդունել էր «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Նշված ակտով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակվում էր ոչ թե Ադրբեջանի ԽՍՀ, այլ 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Նույն սահմանադրական ակտի 3-րդ հոդվածով անվավեր էր ճանաչվում 1992 թ. դեկտեմբերի 30-ի՝ ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը: 1920 թ. ապրիլի 27-28-ին Խորհրդային Կարմիր բանակի մուտքն Ադրբեջան որակվում իբրև «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի անեքսիա»:

Ինչպես գիտենք, Արցախը չի եղել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մաս: Այն արդեն խորհրդայնացված Ադրբեջանին բռնակցվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմամբ:

Մյուս կողմից, ԼՂԻՄ-ում հանրաքվեն անցկացվել է արդեն Խորհրդային Ադրբեջանում ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման կայացումից մի քանի ամիս անց՝ վերը նշված օրենքի դրույթներին համապատասխան:

Ինչ վերաբերում է հանրաքվեին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությանը չմասնակցելուն, ապա, ինչպես նշված է նաև մի շարք չեզոք աղբյուրներում, մասնակցության համար բոլոր պայմաններն ապահովվել են: Քվեաթերթիկները եղել են նաև ադրբեջաներեն լեզվով: Սակայն հանրաքվեին չմասնակցելու որոշումը կայացրել են ադրբեջանական իշխանությունները: Արդյունքում հանրաքվեին մասնակցել է ԼՂԻՄ-ի, ինչպես նաև Շահումյանի շրջանի հայկական բնակչությունը, բացի այդ, ինչպես նշված է «Կոմերսանտ»-ի 1991 թ. դեկտեմբերի 16-ի նյութում՝ նաև ողջ ռուսական բնակչությունը:

Տարոն Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]