Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային 
հարթակում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում: Նոյեմբերի 22-ին ներկայացվել են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաև գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ: Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը և գործարար դաշտի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղեցույցները հասանելի են ՊԵԿ պաշտոնական www.petekamutner.am կայքում երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։ Հարկատեսակների վերաբերյալ դրույթները և տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ներկայացված են գործնական օրինակներով և գծապատկերներով։ Ուղեցույցներում կան նաև ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածների և ՀՀ կառավարության որոշումների ակտիվ հղումները։ «Պատահական չէ, որ տեղադրված են նաև տիպային գործարքների օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր գործարքի դեպքում, ինչպես պետք է կիրառվեն հարկային օրենսդրության դրույթները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նրա կարծիքով ուղեցույցների գնահատականը կտա իրական շահառուն` բիզնես հանրությունը: «Թեև կոմիտեն և ֆինանսների նախարարությունն ունեն իրազեկման ու պաշտոնական պարզաբանում տրամադրելու գործառույթ, սակայն էլեկտրոնային հարթակ ստեղծելու նպատակն այն է, որ հաճախ հանդիպող հարցերի վերաբերյալ լինի պարզեցված, օրինակներով հագեցած բացատրություն, այսինքն` ավելի մանրամասն, քան հնարավոր է ունենալ իրավական ակտում գրված իրավական տեքստով»,-ընդգծել է Արթուր Մանուկյանը:

Ուղեցույցները պարբերաբար լրամշակվելու են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ: «Ուղեցույցները գալիս են ձևավորելու նոր մշակույթ հարկ վճարող-հարկային մարմիններ փոխհարաբերություններում: Այս հնարավորությունից օգտվելով հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի և հասկանալի հարկային միջավայրում»,-նշել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` վստահություն հայտնելով, որ ուղեցույցները հարկ վճարողների համար կդառնան «սեղանի գիրք»` էլեկտրոնային տարբերակով և նրանց կծառայեն ամենօրյա հասանելիությամբ:

«Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության թափանցիկությունը, ինչպես նաև հարկ վճարողների հարկային համապատասխանությունը, նպաստել հարկային վեճերի քանակի և համապատասխան վարչական ծախսերի նվազեցմանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]