1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Շողակաթ եւ Ճամբարակ խոշորացված համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Շողակաթ եւ Ճամբարակ խոշորացված համայնքներ


ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ եւ ճամբարակ խոշորացված համայնքներ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետի այցի առաջին կանգառը Շողակաթ համայնքի Դրախտիկ եւ Աղբերք գյուղերում էր:
Ինչպես նկատեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Դրախտիկում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երեք ծրագիր՝ լուսավորության ցանցի, խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի եւ գազատարի կառուցում: Նոյեմբերի 21-ի դրությամբ ավարտված են բոլոր աշխատանքները, շահագործվում են լուսավորության եւ խմելու ջրատար ցանցերը, իսկ գազը տնտեսություններին կմատակարարվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում: Ընդհանուր առմամբ, Դրախտիկում սուբվենցիոն ծրագրերում ներդրվել է շուրջ 42 միլիոն դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Դրախտիկում մարզպետը զրուցեց բնակիչների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Աղբերքում Գնել Սանոսյանն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացավ շենքային պայմաններին, ուսումնական պարապմունքների ընթացքին:
Աղբերքի դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանի ներկայացմամբ, դպրոցական շենքն անբարեկարգ է, դասասենյակներում եւ միջանցքներում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար չկան բավարար պայմաններ: Ուսումնական պարապմունքների համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով մարզպետը հանձնարարականներ տվեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը: «Թե՛ Դրախտիկում, թե՛ Աղբերքում դպրոցական շենքերը վթարային վիճակում են, և երկու տեղերում էլ դպրոցական նոր շենքեր կառուցելու կարիք կա: Բայց մինչ այդ, ինչը մեզնից որոշակի ժամանակ կպահանջի, մենք պետք կոսմետիկ նորոգումների միջոցով գտնենք միջանկյալ լուծումներ, որպեսզի կարողանանք դպրոցական պարապմունքների համար փոքրիշատե բավարար պայմաններ ապահովել»,-նշեց մարզպետը: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ այս տարի Աղբերքում իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր՝ խմելու ջրատարի ներքին եւ լուսավորության ցանցերի կառուցում: Երկու ծրագիրն էլ ավարտվել է: Լուսավորության ցանցը շահագործվում է, խմելու ջրատարի ներքին ցանցը օրերի ընթացքում կմիացվի արտաքին ցանցին, եւ դրանով գյուղի բնակչության համար հիմնովին լուծված կլինի տասնամյակներ ի վեր չարչրկված ջրամատակարարման հիմնախնդիրը: «Բնակիչները տարիներ շարունակ ոչ միայն իրենց կարիքների համար էին մոտիկ ու հեռու աղբյուրներից ջուր կրում, այլ նաեւ՝ իրենց անասունների: Վերջապես, նրանք ազատված են այդ ծանր հոգսից»,-հավաստեց Սուլիկո Շուշանյանը: Աղբերքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում ջրարբիացվել է ավելի քան 3 հազար հեկտար արոտ, տրամադրվել 5 անվավոր տրակտոր՝ հավաքող-մամլող սարքավորումներով: Ինչպես ներկայացրեց «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» գրասենյակի Գեղարքունիքի մարզային ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, գյուղտեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կառավարության կողմից եւ համայնքապետարանի ու արոտօգտագործողների ընկերության համաֆինանսավորմամբ ներդրվել է շուրջ 75 միլիոն դրամ: Արոտների ջրարբիացման համար ներդրվել է շուրջ 38 միլիոն դրամ:
Ճամբարակ համայնքում Գնել Սանոսյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Ըստ Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի՝ համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվել է սուբվենցիոն 17 ծրագիր, որոնց մի մասն ավարտված է, մի մասը գտնվում է ընթացքի մեջ կամ ավարտական փուլում: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 256 միլիոն դրամ, որից Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը կազմել է 93 միլիոն դրամ: «Նոյեմբերի 21-ի դրությամբ ավարտական փուլում են գտնվում ճանապարհների, մայթերի եւ մեկ հրապարակի ասֆալտապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են գտնվում խմելու ջրատարների կամ մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները Վահան, Գետիկ, Թթուջուր, Այգուտ, Դպրաբակ, Կալավան, Անտառամեջ համայնքներում: Մինչեւ տարեվերջ ավարտի կհասցնենք բոլոր ծրագրերը»,-ասաց համայնքի ղեկավարի տեղակալը: Սուբվենցիոն ծրագրերի դիտարկումից հետո մարզպետն այցելեց Ճամբարակի առողջության կենտրոն՝ տնօրենի եւ բուժանձնակազմի հետ քննարկելով աշխատանքային ընթացիկ հարցեր:Այցի ավարտին Գնել Սանոսյանը հանդիպեց Արծվաշեն համայնքի բնակիչներին՝ նրանց հետ քննարկելով արծվաշենցի ներքին տեղահանված ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցի լուծման հնարավորությունները եւ տարբերակները: Մարզպետը խոստացավ մոտ ժամանակներս հիմնահարցը ներկայացնել կառավարության քննարկմանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]