Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Գավառի քաղաքային գրադարանում կայացավ Խաչատուր Աբովյանին նվիրված միջոցառում

Գավառի քաղաքային գրադարանում կայացավ Խաչատուր Աբովյանին նվիրված 
միջոցառում

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի քաղաքային գրադարանում անցկացվեց հայ մեծանուն գրող, մանկավարժ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանին նվիրված միջոցառում։ §Արմենպրես¦-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը ներկա էին Գավառի պետական համալսարանի դասախոսներ, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցներ, Գավառի երաժշտական քոլեջի դասախոսներ, մարզային գրադարանի ներկայացուցիչներ, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, հյուրեր։

Գրադարանավարուհի Նորա Մարեմկոյանը, Գավառի պետթատրոնի դերասանական կազմի ներկայացուցիչների հետ համատեղ ներկայացրեց Աբովյանի կյանքն ու գործունեությունը՝ միաժամանակ հյուրերի ուշադրությանը ներկայացնելով դիտարժան հատվածներ Աբովյանին նվիրված վավերագրական ֆիլմից։ Թատրոնի  դերասան Հովհաննես Վարդանյանը հաջողությամբ մարմնավորեց Աբովյանին։

Միջոցառումն առանձնապես ուշագրավ էր բանախոսի՝ ԳՊՀ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի հաղորդած տեղեկությունը Աբովյանի մահվան առեղծվածի շուրջ։ Գրականագետը նախ ամփոփեց Աբովյանի վերաբերյալ հնչած բոլոր տեղեկությունները՝ հարստացնելով դրանք լրացումներով եւ սեփական հետազոտական հայացքներով։  §Աբովյանը, համարվելով աշխարհաբար լեզվի եւ հայ նոր գրականության հիմնադիր, ոչ թե առաջինն էր իր ժամանակներում, որը գրել է աշխարհաբարով, այլ առաջինն էր, որը զարգացրեց իր նախորդների այդ ձեռնարկը։ Մյուս կողմից՝ նա դարձավ հայ նոր գրականության հիմնադիրը դարձյալ ոչ թե աշխարհաբարի հանգամանքով պայմանավորված, այլ իր ստեղծագործությունների բազմաժանրությամբ։ Նա գրել է՝ կիրառելով ստեղծագործական այն բոլոր ժանրերը, որոնք գոյություն ունեին այդ շրջանում՝ առակներ, հանելուկներ, պատմվածքներ, բայաթիներ, քառյակներ, ուղեգրություններ, օրագրություններ, վեպեր¦,-նշեց Վաչագան Գրիգորյանը։

Ներկայացվող թեմայի շրջանակներում խոսքով հանդես եկան ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների դեկան փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը, Գավառի երաժշտական քոլեջի դասախոս Հասմիկ Հովեյանը։

Միջոցառման ավարտին ամփոփիչ եւ շնորհակալական խոսք ասաց գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը։ Նա կարեւորեց գրադարանի  համագործակցությունը Գավառի մշակութային ամենատարբեր կառույցների հետ եւ ԳՊՀ գրադարանին նվիրեց Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» գրքի վերահրատարակված օրինակը։

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ