Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Ֆելիքս Ցոլակյանն ՌԴ ԱԻ փոխնախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ

Ֆելիքս Ցոլակյանն ՌԴ ԱԻ փոխնախարարի հետ քննարկել է ոլորտում 
համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ռուսական պատվիրակության կազմում էին նաև ՌԴ ԱԻՆ միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վ.Սոլովյովը, ՌԴ ԱԻՆ թիկունքային և տեխնիկական ապահովման դեպարտամենտի տնօրեն Ն. Եվպլովը, միջազգային համագործակցության դեպարտամենտի ռեֆերենտ Վադիմ Խասենովը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԻ նախարարի տեղակալ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության համանախագահ Արկադի Բալյանը, վարչության մյուս անդամները, Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Յուրի Պոլեշչյուկը և կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը, այլ պաշտոնատար անձինք:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով հյուրերին, կարևորեց և բարձր գնահատեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը և ռուս գործընկերների հետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետագա զարգացման, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու հետ կապված:

Նախարարը նշեց, որ այս տարի ՀՀ կառավարությունը մոտ 170 միլիոն դրամ հատկացրել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի շենքային ապահովվածության բարելավմանը:

Մասնավորապես, գումարը հատկացվել է ցանկապատի և ուղղաթիռային հրապարակի կառուցման, 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի, տարածքի բարեկարգման և 0,4 կՎտ մալուխային ցանցի, էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման համար:

Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկը նշեց, որ ռուսական կողմը շարունակել է կենտրոնի տեխնիկական վերազինումը, որը շարունակական բնույթ է կրելու:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՌԴ ԱԻՆ փոխնախարարը հույս հայտնեց, որ հայ-ռուսական համագործակցությունը և՛ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի շրջանակներում, և՛ ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակների բնագավառում կշարունակեն դինամիկ զարգանալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ