Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ՏԿԵ նախարարը վարել է ԵԱՏՄ  տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարը վարել է ԵԱՏՄ  տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների 
ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում նոյեմբերի 20-ին մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի  շրջանակներում տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, այդ թվում՝  «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի  39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների   տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։

ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստում, որը  վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:  Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա ընդունվել են համապատասխան արձանագրային որոշումներ:

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել  նաև ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի  39-րդ նիստը։ Խորհրդի նախագահի տեղակալ  է ընտրվել  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Այցի ընթացքում  նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել  մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել  են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը,  փոխադրումների անվտանգության և  հուսալիության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը  և ներդրումների ծավալների մեծացմանը։  Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։

«Տրանսպորտային շաբաթ-2019» համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ի ձևավորման հնգամյակին նվիրված միասնական տաղավարի ցուցադրությանը, որտեղ առանձնակի ուշադրության են արժանացել միության անդամ երկրների տնտեսությունները կապող տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերը։ Միասնական տաղավարում Հայաստանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Բագրատաշենի անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Ցուցադրության ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է  ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների միջև արագացված տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպելու հնարավորություններին, դրա հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման  նորարարություններին, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների  և ծառայությունների  բարելավման անհրաժեշտությունը,  ինչպես նաև ԵԱՏՄ և  համաշխարհային շուկաների համար որպես տարածաշրջանի տրասնպորտային կարևոր հանգույցի կայացման  հրատապությունը։

«Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը ներառում է տրանսպորտի բնագավառի մի շարք  նշանակալի  միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի ոլորտային այս կարևոր միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ՝ ԱՊՀ երկրներից տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների, համաշխարհային խոշոր տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի, միջազգային կազմակերպությունների համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]