«Երևանյան բեսթսելեր». Ն. և Ս. Սարգսյանների հեքիաթն առաջին հորիզոնականում է. Մանկական. հոկտեմբեր
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Նունե և Սավաննա Սարգսյանների «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» հեքիաթը: Գրքի գլխավոր հերոսները Մարթան և Մարտինն են, ովքեր ապրում են մի գեղեցիկ տնակում: Նրանք ամուսնացած էին, բայց, դժբախտաբար, երեխաներ չունեին: Մարտինը քաղաքի ամենամեծ զբոսայգու պարտիզպանն էր, Մարթան՝ աշխատում էր քաղաքի կենդանաբանական այգում…Իսկ թե ինչ է լինում հերոսների հետ՝ կիմանաք գրքում:
Երկրորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:
Երրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակներում ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են: Այս անգամ տասնյակում տեղ է գտել Ամենայն հայոց բանաստեղծի գործերն ամփոփող «Հեքիաթների մոլորակ» ժողովածուն:
Հինգերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Վեցերորդ տեղում է Գրիմ Եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը: Հեքիաթի սյուժեն հայտնի է բոլորին. մի հարուստ մարդու կինը մահանում է։ Մահվանից առաջ վերջինս դստերը պատվիրում է լինել բարի։ Աղջիկն ամեն օր այցելում է մոր գերեզմանին և լաց լինում, ինչպես նաև կատարում մոր պատվերը։ Գալիս է ձմեռը, հետո գարունը, և հարուստն ամուսնանում է երկրորդ անգամ։ Խորթ մայրը երկու դուստր ուներ՝ չար, բայց հիմար։ Նրանք աղջկանից խլում են գեղեցիկ զգեստները և ուղարկում խոհանոցում ապրելու։ Բայց, ի վերջո, բարին հաղթանակում է. մոխրոտիկին սիրահարվում է արքայազնը...
Յոթերորդ հորիզոնականում Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Ութերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է։ Համաշխարհային գրականության դասականի ստեղծագործությունները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրված է բոլորի կողմից:
Տասներորդ տեղում է Հ. Ք. Անդերսենի «Ձյունե թագուհին»: Հանրահայտ հեքիաթը ներկայացված է յուրատիպ լուծումով: Գրքում ներառված են ստվարաթղթե հերոսներ, որոնք առանձնացվում են, և դրանց օգնությամբ երեխան «բեմականացնում է» սեփական ներկայացումը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր | Նունե և Սավաննա Սարգսյաններ «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» | հեղ.հրատ | 70 | |
2 | նոր | Հովհաննես Թումանյան «Չարի վերջը» | GSM | 45 | |
3 | -1 | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | GSM | 41 | |
4 | * | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | ՄՀՄ | 39 | |
5 | -4 | «Հայկական հեքիաթներ» | GSM | 36 | |
6 | նոր | Գրիմ Եղբայրներ «Մոխրոտը» | GSM | 35 | |
7 | -2 | Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» | Զանգակ | 33 | |
8 | -5 | 8. Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» | Արևիկ | 32 | |
9 | նոր | Շառլ Պերո «Կարմիր գլխարկը» | GSM | 30 | |
10 | նոր | Հ. Ք. Անդերսեն, «Ձյունե թագուհին» | GSM | 29 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում