Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Ն. և Ս. Սարգսյանների հեքիաթն առաջին հորիզոնականում է. Մանկական. հոկտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». Ն. և Ս. Սարգսյանների հեքիաթն առաջին հորիզոնականում է. 
Մանկական. հոկտեմբեր
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Նունե և Սավաննա Սարգսյանների «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» հեքիաթը: Գրքի գլխավոր հերոսները Մարթան և Մարտինն են, ովքեր ապրում են մի գեղեցիկ տնակում: Նրանք ամուսնացած էին, բայց, դժբախտաբար, երեխաներ չունեին: Մարտինը քաղաքի ամենամեծ զբոսայգու պարտիզպանն էր, Մարթան՝ աշխատում էր քաղաքի կենդանաբանական այգում…Իսկ թե ինչ է լինում հերոսների հետ՝ կիմանաք գրքում:

Երկրորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Երրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակներում ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են: Այս անգամ տասնյակում տեղ է գտել Ամենայն հայոց բանաստեղծի գործերն ամփոփող «Հեքիաթների մոլորակ» ժողովածուն:

Հինգերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Վեցերորդ տեղում է Գրիմ Եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը: Հեքիաթի սյուժեն հայտնի է բոլորին. մի հարուստ մարդու կինը մահանում է։ Մահվանից առաջ վերջինս դստերը պատվիրում է լինել բարի։ Աղջիկն ամեն օր այցելում է մոր գերեզմանին և լաց լինում, ինչպես նաև կատարում մոր պատվերը։ Գալիս է ձմեռը, հետո գարունը, և հարուստն ամուսնանում է երկրորդ անգամ։ Խորթ մայրը երկու դուստր ուներ՝ չար, բայց հիմար։ Նրանք աղջկանից խլում են գեղեցիկ զգեստները և ուղարկում խոհանոցում ապրելու։ Բայց, ի վերջո, բարին հաղթանակում է. մոխրոտիկին սիրահարվում է արքայազնը...

Յոթերորդ հորիզոնականում Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Ութերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է։ Համաշխարհային գրականության դասականի ստեղծագործությունները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրված է բոլորի կողմից:

Տասներորդ տեղում է Հ. Ք. Անդերսենի «Ձյունե թագուհին»: Հանրահայտ հեքիաթը ներկայացված է յուրատիպ լուծումով: Գրքում ներառված են ստվարաթղթե հերոսներ, որոնք առանձնացվում են, և դրանց օգնությամբ երեխան «բեմականացնում է» սեփական ներկայացումը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր Նունե և Սավաննա Սարգսյաններ «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» հեղ.հրատ 70
2 նոր Հովհաննես Թումանյան «Չարի վերջը» GSM 45
3 -1 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» GSM 41
4 * Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» ՄՀՄ 39
5 -4 «Հայկական հեքիաթներ» GSM 36
6 նոր Գրիմ Եղբայրներ «Մոխրոտը» GSM 35
7 -2 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» Զանգակ 33
8 -5 8. Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 32
9 նոր Շառլ Պերո «Կարմիր գլխարկը» GSM 30
10 նոր Հ. Ք. Անդերսեն, «Ձյունե թագուհին» GSM 29

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]