Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ բազմաշերտ ծրագրեր կիրականացնեն

Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ 
բազմաշերտ ծրագրեր կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը կնպաստի կողմերի միջև գիտական, կրթական, հետազոտական և մշակութային երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն անցկացվեց նոյեմբերի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն ստորագրեցին ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը և Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

«Պատկերասրահի առաքելությունն է հայկական արվեստը պահպանելը, հանրահռչակելն ու ուսումնասիրելը: Հայաստանի բնակիչները քիչ բան գիտեն Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի հավաքածուի մասին: Ուսումնասիրելով այդ հարուստ ժառանգությունը` մենք այն կարող ենք ցուցադրել  նաև այստեղ»,-ասաց Ծատուրյանը:

Ռումինահայ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը շեշտեց, որ թեմը հազար տարվա պատմություն ունի: «Մեր եպիսկոպոսական, արքեպիսկոպոսական աթոռը հիմնվել է 1401 թվականին: Մենք այսօր ունենք շատ հարուստ  հոգևոր մշակութային ժառանգություն` մեկ բերդ, երկու վանք, 16 եկեղեցի, ութ մատուռ, ութ հայկական գերեզմանոց: Առաջին եկեղեցին կառուցվել է 1350 թվականին: Ունենք 300 տարվա արխիվ` 400  սրբանկար, բազմաթիվ ձեռագրեր, 2000 հնատիպ գիրք և այլ նմուշներ»,-պատմեց սրբազանը:

Նա ընդգծեց, որ այդ հարստությունն անհրաժեշտ է պահել ու պահպանել: Հուշագրով Հայաստանի ազգային պատկերասրահը կարող է օգնել, որ  եվրոպահայ մշակույթը ներկայացվի Հայաստանում:

«Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը, պատկերասրահը մեծ օգուտ պետք է բերեն մեզ, որ կարողանանք համատեղ մշակութային ծրագրեր իրականացնել. մի քանի տարի հետո, եթե հնարավոր լինի, ռումինահայ օրեր կազմակերպենք Հայաստանում` մեր ամբողջ ժառանգությունն այստեղ ցուցադրելու նպատակով»,- եզրափակեց Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Պատկերասրահի աշխատակիցները ոգևորությամբ ընդունեցին հուշագրի ստորագրումը, իսկ ՀԱՊ ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը թեմին նվիրեց իր հեղինակած «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» գիրքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]