Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ամերիաբանկը բիզնես վարկավորման ամբողջ գործընթացը տեղափոխելու է թվային հարթակ

Ամերիաբանկը բիզնես վարկավորման ամբողջ գործընթացը տեղափոխելու է թվային 
հարթակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի հաճախորդների կողմից բանկ այցելությունների կամ հեռախոսով բանկի աշխատակիցների հետ կապի անհրաժեշտությունը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  կարևորելով տնտեսավարողների ժամանակի խնայողությունը՝ Ամերիաբանկը բիզնեսների ֆինանսավորման համար ներկայացնում է ֆինանսական շուկայում բոլորովին նոր առաջարկներ։

Ամերիաբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է մինչև 150 միլիոն ՀՀ դրամի չափով ցանկացած բիզնես վարկի համար դիմել առցանց, կցել փաստաթղթերն անմիջապես համակարգում և առցանց հետևել վարկային հայտի ընթացքին։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ բիզնեսվարկավորման առումով առցանց տարբերակով մեկ միասնական մոտեցումը բոլոր հաճախորդների նկատմամբ արդարացված չէ, և  իրենք փորձել են հաճախորդներին խմբերի բաժանել, որպեսզի առանձին անհատականացված, ճկուն և ավելի գործնական մոտեցում տան համապատասխան հաճախորդների խմբերին։

«Առաջին հաճախորդների խումբը համեմատաբար փոքր վարկերն են, որոնց կարիքը ունեն փոքր և միջին բիզնեսները և ակնկալում են, որ դրանք բավականին արագ կտրամադրվեն։ Այդ շրջանակի համար հետևյալ լուծումն ունենք՝ մինչև 10 միլիոն դրամ վարկերի համար շարունակելու ենք առցանց ընդունել հայտերը և առցանց իրականացնել համապատասխան մշակված ալգորիթմով վարկերի գնահատումը և հաստատումը։ Շարունակելու ենք այն պրակտիկան, որ մինչև 10 միլիոն դրամ վարկերի պարագայում կարող ենք րոպեների ընթացքում վարկերի հայտը ընդունել և համապատասխան որոշում կայացնել։ Սա մենք ունեին, բայց դրան ավելացնելու ենք ևս մի քանի բաղադրիչներ։ Այսուհետ, եթե մինչև 10 միլիոն դրամ վարկի գնահատման արդյունքում չի հաստատվում վարկը, ապա մեկ օրվա ընթացքում Ամերիաբանկի բանկի մասնագետն այցելում է տվյալ բիզնեսի գործունեության վայր, և տեղում՝ պարզ վերլուծության արդյունքում վարկը կարող է հաստատվել»,- ընդգծեց Բարսեղյանը։

Ամերիաբանկում 10-20 միլիոն դրամ բիզնես վարկի ստացման դեպքում նույնպես կարելի է դիմել առցանց, սակայն անհրաժեշտ է ապահովել մասնակի գրավ։

«Եթե հաճախորդը 20 միլիոն վարկի համար առցանց դիմել է, նա պետք է ներկայացնի, օրինակ, 10 միլիոն դրամի անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց որպես գրավ»,- նշեց Բարսեղյանը։

Ըստ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենի՝ 20-150 միլիոն դրամի վարկեր ստանալու համար նույնպես հայտը և  բոլոր փաստաթղթերը ներկայացվում են թվային հարթակում և միայն մեկ անգամ անհրաժեշտություն կլինի այցելել բանկ։

«Հաճախորդը առցանց կարող է հետևել, թե իր վարկը ինչ գործընթացքում է գտնվում։ Հայտը ներկայացնելուց հետո հաճախորդը կարիք չունի անընդհատ բանկ այցելել կամ զանգահարել, որպեսզի հասկանա, թե ինչ փուլում է վարկը։ Իսկ եթե բանկի մոտ ինչ-որ հարցեր են ծագում, առցանց նա հնարավորություն ունի դրանք ուղղել հաճախորդին և ստանալ պատասխաններ»,- հավելեց Բարսեղյանը։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենի կարծիքով՝ սա լուրջ փոփոխություն է ոչ միայն Հայաստանում, այլև առնվազն տարածաշրջանում, որը նաև բանկին հնարավորություն կտա վարկավորման ծավալները ընդլայնել՝ դրանով նաև նպաստելով տնտեսության ընդհանուր աճին։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ