Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Գողացվածը պետք է վերադարձնեն ժողովրդին. Փաշինյանը` Իտալիայում թաքնված կոռուպցիոներների մասին

Գողացվածը պետք է վերադարձնեն ժողովրդին. Փաշինյանը` Իտալիայում թաքնված 
կոռուպցիոներների մասին

ՄԻԼԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ատելության քարոզի մասին խոսելիս նշեց, որ Իտալիայում թաքնված ամենահայտնի կոռուպցիոներները գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, այս մասին Փաշինյանն ասաց՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին:

«Անընդհատ ասում են ատելության քարոզ, իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը եղել է ատելությունը, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել որ ատեն: Ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն: Երբ ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը: Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե այն էր, որ, ինչպես իրենք էին ասում` Ադրբեջանի յոթ շրջանները խաղաղության դիմաց վերադարձնելն էր, ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում: Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, որ գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է, այո` վերադարձվելու է: Այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, տանելու ենք, կանգնեցնենք դատարանում, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Եկեղեցում ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Բարիգալստյան աղոթքից հետո ելույթով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Դիմելով ՀՀ վարչապետին՝  նա նշեց. «Ես տեղյակ եմ, որ Ձեր կարևորագույն առաքելության հիմնակետը փոփոխությունն է՝ հայրենիքի, հայրենի ժողովրդի և մեր ազգի կյանքում: Եվ բնականաբար փոփոխությունները երբեմն դժվարություններ են բերում, հետևաբար մեր աղոթքն է, որ դուք Ձեր առաքելության ճանապարհին քաջ կերպով շարունակեք ինչ-որ սկսել եք՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի բարելավման ու մեր հայրենիքի լուսավոր ապագայի համար: Ես գիտեմ, որ մանավանդ երիտասարդ սերունդը Ձեզնով խանդավառ է»:

Նա հիշեց հալեպահայ մի երիտասարդի, որը Երևանում է հաստատվել և անցնող 2 տարիներին Իտալիա է եկել՝ ուսումը և աշխատանքը շարունակելու համար, խանդավառված է «Իմ քայլը» շարժումով  և շարժման ղեկավարով:

Շանթ Խլղաթյան

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ