Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Փաշինյանը ՀՀ զինապարտ քաղաքացիներին կոչ արեց վերադառնալ և ծառայել հայոց բանակում

Փաշինյանը ՀՀ զինապարտ քաղաքացիներին կոչ արեց վերադառնալ և ծառայել հայոց 
բանակում

ՄԻԼԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհում սփռված ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ծառայել հայոց բանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, վարչապետն այս կոչը հնչեցրեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան, ով վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ է հնարավոր անել, որպեսզի իր տղան 3 տարի անց կարողանա առանց խնդիրների Իտալիայում ավարտել ուսումը, այնուհետև վերադառնալ հայրենիք և անցնել ծառայության:

«Որդիս սովորում էր Տարտուի համալսարանում, և 2018թ. նախաշեմին, այն ժամանակ ես վարչապետ չէի, ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, եկավ Հայաստան, և այլևս չվերադարձավ, որովհետև մարտին լրանալու էր իր 18 տարեկանը, և պետք է ծառայեր բանակում: Իրադարձություններն այնպես զարգացան, որ ես դարձա վարչապետ, բայց այն ժամանակ մենք գիտեինք, որ ինքը պետք է զորակոչվի բանակ: Ես հասկանում եմ, որ մենք բազում հանգամանքներով սփռված ենք ամբողջ աշխարհում: 2017թ. պատգամավորներով մեկնել էինք զորամասերից մեկը` ներկա լինելու զինվորների երդման արարողությանը, և ինձ այնտեղ հուզեց մի քանի տեսարան, երբ զինվորները երդման գրքույկը վերցրած, թոթովախոս հայերենով, ակնհայտ ռուսական առոգանությամբ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու երդում էին տալիս: Իմ որդին այսօր ծառայում է զինված ուժերում, երբ ընդդիմադիր պատգամավոր էի, որոշել էի, որ իմ որդին չպետք է փորձի բուհ ընդունվի ՀՀ տարածքում, որպեսզի այնտեղ տարկետման հավակնություն ունենա: Ես մեր բոլոր զինապարտ որդիներին կոչ եմ անում գալ հայրենիք, և զինվորական ծառայություն անցնել հայոց բանակում, մանավանդ, որ բանակում այսօր շատ ծավալուն, բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում, և հայրենիքի առաջ պարտքը կատարելը կարևոր է բոլորի համար»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Եկեղեցում ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Բարիգալստյան աղոթքից հետո ելույթով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Դիմելով ՀՀ վարչապետին՝  նա նշեց. «Ես տեղյակ եմ, որ Ձեր կարևորագույն առաքելության հիմնակետը փոփոխությունն է՝ հայրենիքի, հայրենի ժողովրդի և մեր ազգի կյանքում: Եվ բնականաբար փոփոխությունները երբեմն դժվարություններ են բերում, հետևաբար մեր աղոթքն է, որ դուք Ձեր առաքելության ճանապարհին քաջ կերպով շարունակեք ինչ-որ սկսել եք՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի բարելավման ու մեր հայրենիքի լուսավոր ապագայի համար: Ես գիտեմ, որ մանավանդ երիտասարդ սերունդը Ձեզնով խանդավառ է»:

Նա հիշեց հալեպահայ մի երիտասարդի, որը Երևանում է հաստատվել և անցնող 2 տարիներին Իտալիա է եկել՝ ուսումը և աշխատանքը շարունակելու համար, խանդավառված է «Իմ քայլը» շարժումով  և շարժման ղեկավարով:

Շանթ Խլղաթյան

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ