Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Մեծագույն ձեռքբերումն ընտանիքս է. Ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակը կնշվի համերգային ծրագրով

Մեծագույն ձեռքբերումն ընտանիքս է. Ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակը 
կնշվի համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի յոթանասունամյակի կապակցությամբ նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ճանաչված պրոֆեսորի հոբելյանական համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ կունենա երաժշտական մեծ ավանդույթներ ունեցող Հախնազարյանների ամբողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դիրիժոր Տիգրան Հախնազարյանը, ընտանիքի բարեկամ, ջութակահար Խաչատուր Ալմազյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր` Հախնազարյանների կատարմամբ: Երկրորդ բաժնում Սուրեն Հախնազարյանը, Նարեկն ու Տիգրանը կհամագործակցեն` կատարելով Սեն-Սանսի «Մուսան և պոետը» գեղեցիկ ստեղծագործությունը: Ներկայացնելու ենք նաև Ջովաննի Սոլիմայի “Tarantulae Cadenzas”-ն, որը հատուկ նվեր է հոբելյարին և հայաստանյան պրեմիերա է: Այն գրված է թավջութակի, ջութակի և նվագախմբի համար»,-տեղեկացրեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Սուրեն Հախնազարյանն էլ հավելեց, որ տրիոն կատարելու է Կոմիտասի, Ռախմանինովի, Մենդելսոնի, Դվորժակի գործերը:

Անդրադառնալով այս տարիներին ունեցած ձեռքբերումներին` Հախնազարյանն ասաց, որ մեծագույն նվաճում է համարում իր ընտանիքը: «Երեք որդի ունենք, ու երեքին էլ հավասար եմ սիրում: Նրանք են մեր հարստությունը, իսկ հիմա նաև թոռնիկներս: Որպես երաժիշտ իմ կյանքում մեծ դեր է խաղացել Կոմիտասի անվան լարային քառյակում նվագելը: Կարևորում եմ նաև այն, որ 1974 թվականից դասավանդում եմ: Ուսանողների հետ աշխատանքը օգտակար է մշտապես  լավ վիճակում լինելու տեսանկյունից, որովհետև ես ջութակը ձեռքս եմ վերցնում նրանց այս կամ այն երաժշտությունը ներկայացնելու համար»,-շեշտեց հոբելյարը:

Նարեկ Հախնազարյանն էլ նկատեց, որ հայրը լավ մանկավարժ է և քչերից է, որ ժամանակ է տրամադրում իր ուսանողների քննությունների ձայնագրությունները լսելուն: «Ամենամեծ դասը, որը քաղել եմ ծնողներիցս երաժշտությանն ազնիվ ծառայելն է: Նրանք ամբողջ ստեղծագործական կյանքում եղել են ազնիվ իրենց մասնագիտության ու երաժշտության հանդեպ, և ես փորձում եմ առաջնորդվել հենց նման չափանիշներով: Իրապես մեծ պատասխանատվություն է նման ծնողների զավակը լինելը: Նրանք ոչ միայն հրաշալի երաժիշտներ են, այլև բարի, հոգատար մարդիկ»,-ընդգծեց Նարեկը:

Սուրեն Հախնազարյանը 2008 թվականից Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի պրոֆեսոր է: 1974-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986 թվականից դոցենտ, 1993-ից` պրոֆեսոր): Եղել է մի շարք Հանրապետական և Միջազգային մրցույթների հանձնաժողովների անդամ, վարպետության դասեր է ունեցել Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր:

Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը և Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ