Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բարեգործական 11 կազմակերպության համագործակցությամբ Տավուշի Նավուր գյուղում երկու ծրագիր մեկնարկեց

Բարեգործական 11 կազմակերպության համագործակցությամբ Տավուշի Նավուր 
գյուղում երկու ծրագիր մեկնարկեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կտրուկ հակագրոհով Նավուրի ֆուտբոլային թիմի հարձակվողը գրավում է Չինչինի թիմի դարպասը և բացում հանդիպման հաշիվը: Խաղն ընթանում է լարված պայքարում՝ կողմերի անզիջում գրոհներով և հակագրոհներով: Որպես տրիբունա ծառայող լանջին և դաշտի երկայնքով տեղադրված մի քանի նստարանին տեղավորված նավուրցի երեխաները սատարում են հայրենի գյուղի թիմին՝ վանկարկելով. «Նա-վուր, Նա-վուր»:

Նավուրի և Չինչինի ֆուտբոլային թիմերը մի քանի ամիս առաջ նման ֆուտբոլային հանդիպում անցկացնելու հնարավորություն չունեին: Սակայն այսուհետև ոչ միայն Նավուրի, այլև հարևան գյուղերի թիմերը կկարողանան մարզվել և խաղալ նորաբաց ֆուտբոլային դաշտում, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ֆուտբոլային դաշտի վերակառուցման ծրագիրն իրագործել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ «Մեկ գյուղ» կոնսորցիումի շրջանակում, համայնքի գործուն մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, Նավուրի դպրոցին կից ֆուտբոլի դաշտից բացի ստեղծվել է նաև բասկետբոլի և վոլեյբոլի խաղադաշտ, որտեղ մարզվում են տղաներն ու աղջիկները: Իսկ աղջիկների բասկետբոլի թիմն արդեն զգալի հաջողությունների է հասել մարզային առաջնություններում:

Կոնսորցիումի ևս մեկ ծրագրի շնորհիվ Նավուրի բնակիչներն այսուհետև կունենան մշտական խմելու ջուր: Նախագիծն իրականացվել է համայնքի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայկական Կարիտաս»  բարեսիրական ՀԿ-ի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ:

Նավուրում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը «Մեկ գյուղ» կոնսորցիումի անդամ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ ստացել է շարքացան, սրսկիչ,  կարտոֆիլահան և այլ գյուղտեխնիկա: Կոոպերատիվը միավորում է 60-ից ավելի ֆերմերի: Կոոպերատիվի ներկայացուցիչների խոսքով՝ տեխնիկան կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, որը կբերի բերքատվության աճին և նոր հողատարածքներ մշակելուն:

Կոնսորցիումի անդամներն այս տարվա հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այցելություններ են կատարել Տավուշի մարզի Նորաշեն, Նավուր, Այգեպար և Կիրանց համայնքներ՝ տեղում ծանոթանալու գյուղերի կարիքներին, լսելու բնակչությանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:

Գնահատման և քննարկումների արդյունքում որոշվել է աջակցության առաջնային թիրախ սահմանել Նավուր համայնքը, իսկ երկրորդային աջակցության համար ընտրվել է Կիրանցը՝ որպես առանձնահատուկ կարիքներ ունեցող գյուղ:

«Մեկ գյուղ» կոնսորցիումի նախաձեռնությամբ 2017 թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին տրամադրվել է գյուղտեխնիկա, հիմնվել է մանկապարտեզ, ֆինանսավորվել է դպրոցում աշխատող ուսուցչի աշխատավարձը, փոխհատուցվել է գյուղաբնակ ուսանողների ուսման վարձը:

Նախաձեռնության անդամներն են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Հայկական Կարիտաս»  բարեսիրական ՀԿ-ն, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]