Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը. ԱՆ-ը շրջանառության մեջ է դրել նոր օրենքի նախագիծ

Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը. ԱՆ-ը շրջանառության մեջ է 
դրել նոր օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագծով առաջարկվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները, վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը, ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից ստացվող փոխառությունների և վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսպիսով՝ նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն  նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա:

Հայաստանում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Լիազորագրի ձևանմուշը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից: Այս կարգավորման ներդրումը հնարավորություն կտա խնայել լիազոր մարմնի ռեսուրսները, և լիազոր մարմինը ապահովված կլինի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությամբ: Գույքի հայտարարագրման ժամանակ Նախագծով հայտարարատուի վրա դրվում է պարտավորություն՝ ներկայացնելու նաև արտասահմանում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն:

Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել:

Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվելու նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ:  Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը:

Առաջարկվում է ներդնել  ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Նաև առաջարկվում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:

Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Նախագծով առաջարկվում է նվազեցնել Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրամական շեմը:

Այս փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, որը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]