Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանանց ներգրավվածությունը բիզնեսում էականորեն աճել է. նշվում է Կանանց ձեռներեցության միջազգային օրը

Կանանց ներգրավվածությունը բիզնեսում էականորեն աճել է. նշվում է Կանանց 
ձեռներեցության միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց ձեռներեցության միջազգային օրը, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2014 թվականին և նշվում է նոյեմբերի 19-ին, լավագույն առիթ է գնահատելու տնտեսական, քաղաքական, ինչպես նաեւ հասարակական ակտիվ գործունեության տիրույթում կանանց ներուժը:

Թեպետ Հայաստանում պետական եւ մասնավոր տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների շնորհիվ վերջին տարիներին խթանվում է կանանց գործունեությունը տարբեր նախագծերում, սակայն ցուցանիշները դեռեւս «մեծամտանալու» կամ գլուխ գովելու առիթ չեն տալիս: Պատկերը  շուրջ 1 տասնամյակ առաջ այլ էր, հիմա կարելի է արձանագրել, որ կանայք դարձել են ավելի համարձակ ու նպատակասլաց ու նույնիսկ կան բազմաթիվ օրինակներ այն մասին, որ հեռավոր մարզերում հաջողված բիզնես պատմությունների հեղինակները մեծամասամբ կանայք են, ու այս երեւույթը բնականաբար ոչ միայն մեկ կամ երկու ընտանիքի հացի խնդիր է լուծում, այլեւ խթանվում է նաեւ մարզերի տնտեսության համաչափ զարգացումը:

Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինչպես նախատեսել էին նախընտրական ծրագրով, նպատակադրված են այնպիսի խորքային փոփոխություններ անել, որոնք նոր իրական հնարավորություններ կստեղծեն կանանց հանրային, տնտեսական, քաղաքական ակտիվության մեծացման համար: Կանանց տնտեսական ակտիվությունը  վարչապետը կարեւորել է նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից՝ արժեւորելով հեղափոխության հիմքում կանանց ցուցաբերած միասնականությունն ու ուժը: 

Տնտեսական եւ հասարակական կյանքում կանանց ներգրավվածությունն ընդլայնելու, տարբեր ոլորտներում ինքնազբաղվածություն ապահովելու եւ ներուժը լիովին իրացնելու հնարավորությունները բավական մեծ են, սակայն  դրանց խոչընդոտող գործոններն, ըստ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ» Լիլիթ Ասատրյանի, տարբեր են:

«Եթե դիտարկենք համաշխարհային մակարդակով, նույնիսկ թոփ մենեջերների մեջ կանայք մինչեւ 20 տոկոս են կազմում: Այսինքն՝ թիվը դարձյալ այդքան մեծ չէ: Ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում: Ունենք աղքատություն, քաղաքական կոնֆլիկտներ, պատերազմող երկիր ենք: Հարց կհնչի՝ ի՞նչ կապ ունի այս ամենը տնտեսության մեջ կանանց ներգրավվածության հետ:  Եթե կանայք ամբողջությամբ կամ մասամբ ներգրավված չեն տնտեսության մեջ, ապա նրանք դուրս են մնում նաեւ քաղաքականությունից, հասարակական ակտիվ կյանքից, որոշումներ ընդունելու հնարավորությունից»,-«Արմենպրես»հետ զրույցում նշեց Լիլիթ Ասատրյանը:

Կնոջ դերի բարձրացումը հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում խրախուսելու համար անհրաժեշտ գործոններ են պետք, որոնց բացակայությունը  խոչընդոտում է բազմաթիվ կանանց  իրենց գաղափարները կյանքի կոչել:

Նա նկատեց՝ նախորդ տարիների համեմատ կանանց ներգրավվածությունը բիզնեսում էականորեն աճել է, սակայն որպես կանանց ձեռներեցության ցանցի հիմնադիր եւ համակարգող, առկա ցուցանիշները դեռեւս  բավարար չհամարեց: Կանանց ձեռնարկատիրության զարգացմանը վերջին տարիներին, ըստ նրա, նպաստեցին միջազգային կազմակերպությունների կողմից որոշ խրախուսական ծրագրերի իրականացումը: Այս ամենին գումարվեց նաեւ պետության աջակցությունը տարբեր օրենսդրական փոփոխությունների, հարկային արտոնությունների տեսքով:  Կանանց ձեռներեցության տոկոսը Հայաստանում, ըստ որոշ հետազոտությունների, չի գերազանցում 13-20 տոկոսը, սակայն, Լիլիթ Ասատրյանի դիտարկմամբ,  խոսքը գրանցված գործող բիզնեսի մասին է եւ ոչ միայն:

 «Այդ ցուցանիշները, սակայն, ոչ միշտ են արտացոլում իրական պատկերը, քանի որ կան գործունեության ոլորտներ, որոնք իրավական կարգավիճակ չեն պահանջում, ուստի կարող են  ստվերում մնալ: Բացի այդ, տարիներ առաջ, երբ միջազգային կազմակերպությունները սկսեցին արտոնյալ պայմաններով վարկեր եւ աջակցություն տրամադրել նրանց, մենք տեսանք այն փոխակերպումը, ըստ որի, շատ կանանց անվան տակ այլ բիզնեսներ հիմնվեցին: Արդյունքում, պարզվեց, որ կանանց անունով գրանցված բիզնեսներից շատերը իրականում նրանց չի պատկանում եւ նրանց ընդգրկվածությունը գործարարության մեջ այդքան էլ մեծ չէ»-, նշեց Լիլիթ Ասատրյանը՝ հավելելով սակայն, որ այլ երկրների համեմատ տնտեսության մեջ կանանց ներգրավվածության ցուցանիշով Հայաստանը վատ դիրքերում չէ: Բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 53 տոկոսը կանայք են, սակայն ոչ բոլորն են կարողանում իրացնել իրենց գիտելիքները աշխատանքում կամ մասնագիտական գործունեության  բնագավառում:

Ինչո՞ւ է կանանց մասնակցության մասնաբաժինը ոչ այդքան մեծ տնտեսության քաղաքականության կամ հասարակական կյանքում. կանանց ձեռներեցության ցանցի ղեկավարի կարծիքով՝ պատճառներից է նախ եւ առաջ ինքնավստահության պակասը եւ հասարակական կարծիքի ձեւավորումը: Պատճառներից են նաեւ համապատասխան աջակցության եւ ինֆորմացիայի, ինչպես նաեւ խրախուսման պակասը: Կան կանանց նախաձեռնող եւ պասիվ տեսակներ, որոնց պարագայում դժվար է կարծրատիպեր կոտրելը: Իսկ այն կանայք, ովքեր ցանկանում են իրացնել իրենց, ակտիվ են, նախաձեռնող, ապա նրանք էլ ունեն ինֆորմացիայի, տեղեկատվության պակաս՝ ինչպե՞ս եւ ում դիմել: Նրանցից ոմանք, ըստ Ասատրյանի, գուցե ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն նրանք չգիտեն, որ կան  համապատասխան կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց հաջողված ծրագրերը վարկավորել:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիային» անդամագրված է 3 հազար կին ձեռներեց, սակայն նրանցում իրենց ակտիվությամբ առանձնանում են կանանց միայն որոշ մասը: Նախկին սկսնակները դառնում են կայացած եւ արդեն իրենք են ուղղորդում ուրիշներին, խրախուսում իրենց խորհուրդներով, փոխանցում իրենց փորձը: Այս տարի  ապրիլին  Հայաստանում կայացել է «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» տարեկան հավաքը: Կանանց միջազգային այդ համաժողովը լայն հնարավորություն է ընձեռել հայ կանանց  հաղորդակցվելու աշխարհի տարբեր երկրների կին ձեռներեցների հետ: Ի դեպ, նման միջոցառում Հայաստանում կազմակերպել էր առաջին անգամ:

Ձեռներեցների ցանցում այժմ ակտիվ ներառված է 300 կին՝ ՀՀ տարբեր մարզերից, որոնք գործունեություն են ծավալում միկրո, փոքր եւ միջին բիզնեսներում: Նրանց թիվը մեծ է  արտադրության՝ մասնավորապես հրուշակեղենի, հուշանվերների ոլորտում եւ ծառայությունների մատուցման, մասնավորապես տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Կանանց զբաղվածությունը հատկապես մեծացել է հյուրատնային բիզնեսի կառավարման  բնագավառում: Ըստ զրուցակցիս, կանանց ներգրավվածությունը տարբեր բնագավառներում մեծացնելու համար նախ եւ առաջ պետք է ունենալ ցանկություն, ինքնավստահություն եւ ամենակարեւորներից՝ համարձակություն:

Կանանց ձեռներեցության միջազգային օրը համաշխարհային շարժում է, որին մասնակցում է ավելի քան 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում:

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]