Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» մրցույթում

ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ 
կոռուպցիայի» մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժննից: 

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել  Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի համատեղ ներկայացրած «Որտեղ խոսում է փողը, այնտեղ լռում է խիղճը» աշխատանքը, որը երկրորդ տեղը կիսել է Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների հեղինակած հոլովակների հետ: Այս անվանակարգում լավագույնն  է ճանաչվել Բելառուսի ներկայացուցչի աշխատանքը:

Իսկ «Լավագույն պաստառ» անվանակարգում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանի «Վերջ կոռուպցիային» աշխատանքը, որն ընդամենը մեկ միավորով է զիջել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հեղինակած պաստառին:  

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի սկզբին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:  

Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացված աշխատանքները նման արդյունքներ են ապահովել միջազգային սույն մրցույթին մասնակցած 10 երկրներից ներկայացված ընդհանուր առմամբ ավելի քան 20 000 տեսահոլովակների և պաստառների պայմաններում: Ինչպես արդեն տեղեկացվել է 2019թ. «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում ներգրավված են եղել ոչ միայն ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, այլ նաև BRICS-ի անդամ երկրները՝ Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Բրազիլիան:

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է գալիս որպես նշված մրցույթի համակազմակերպիչ:

Մրցույթի շրջանակներում 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիները, երիտասարդական ստեղծագործական խմբերը պետք է պատրաստեին և ներկայացնեին սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ՝ դրանցում յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլելով իրենց պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի և դրա դեմ պայքարի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների, բացասական հետևանքների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am