Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ժամանակակից դասականներ»-ի նման փառատոների աշխարհում հազվադեպ կարելի է հանդիպել. Կոնստանդին Իշխանով

«Ժամանակակից դասականներ»-ի նման փառատոների աշխարհում հազվադեպ կարելի է 
հանդիպել. Կոնստանդին Իշխանով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օրերս ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական միջազգային փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչներից էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (Մալթա)։ Մեզ հետ զրույցում հիմնադրամի մասին պատմում է վերջինիս ղեկավար Կոնստանտին Իշխանովը։  

-Պարոն Իշխանովինչպե՞ս է ստեղծվել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։

-Ես մշտապես սերտորեն համագործակցել եմ տարբեր կոնսերվատորիաների պրոֆեսորների հետ։ Որոշ ժամանակ անց ցանկություն առաջացավ կազմակերպել վարպետության դասեր երիտասարդների համար‚ տալ նրանց հնարավորություն շփվել հայտնի երաժիշտների հետ՝ օգնելով նրանց ձեռք բերել ավագ սերնդի փորձը։ Այս ամենի արդյունքում կազմավորվեց հիմնադրամ‚ որն այդ ամենը պետք է կազմակերպեր պրոֆեսիոնալ մակարդակով‚ և ինձ համար դա դարձավ շատ հետաքրքիր ու կարևոր գործունեություն։ Մասնավորապես‚ կազմակերպվեց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը‚ որը շուտով կդառնա տասը տարեկան։  

Լինելով հայ՝ ես չէի կարող անմասն մնալ աշխարհում հայկական կատարողական և կոմպոզիտորական դպրոցների պրոպագանդման գործում‚ ուստի հիմնադրամի կողմից իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ‚ որոնք առնչվում են Հայաստանի մշակույթի հետ։ Դրանք և՜ դասական երաժշտության փառատոներ են‚ որոնք անցկացվում են Հայաստանում‚ և՜ բազմաթիվ հայ հայտնի ու երիտասարդ երաժիշտների՝ Հայկ Կազազյան‚ Նարե Արղամանյան‚ Խաչատրյանի անվան տրիո և այլն‚ համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում։

Իհարկե‚ հիմնադրամն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նկատմամբ։ Վերջինս իրեն հիանալի դրսևորեց 2018թ. Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում։ Եվ Աստծո կամոք է‚ որ նրանց հետ ավելի ու ավելի շատ ենք համագործակցում։ Շատ կարևոր է‚ որ նվագախմբում կան մեծ թվով հիանալի երաժիշտներ։ Սերգեյ Սմբատյանի՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի թիմի հետ համագործակցությունն առանձնահատուկ է նաև նրանով‚ որ հաճելի է նրանց հետ գործ ունենալ‚ քանի որ ամեն ինչ արվում է բարձր պրոֆեսիոնալ‚ նույնիսկ կարելի է ասել՝ համաշխարհային մակարդակով։ Ահա թե ինչու փառատոների արտիստներն ու հյուրերը‚ որոնք Հայաստան են գալիս‚ վերադառնում են շնորհակալության մեծ զգացումով։   

-Ովքե՞ր են ձեր հիմնադրամի անդամները։

-Բավականին հայտնի երաժիշտներ` ինչպես մալթացի‚ այնպես էլ այլ երկրներից։ Եվ երբ մեր փառատոներին կամ համերգներին մասնակցելու համար ընտրում ենք երաժիշտների‚ կատարվում է շատ մանրակրկիտ համատեղ ընտրություն‚ վերահսկողություն երաժշտական բովանդակության տեսակետից՝ որքանով է դա լավ‚ արդիական և հետաքրքիր։   

-Իսկ ի՞նչ կասեք «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին։

-Միանշանակ շատ հետաքրքիր փառատոն է‚ առավել ևս հաշվի առնելով նրա բացառիկ ձևաչափը։ Ժամանակակից երաժշտությունն ընկալման համար փոքր-ինչ դժվար է‚ և հաճախ Եվրոպայում ես տեսնում եմ կիսադատարկ դահլիճներ։ Սակայն‚ որպես կանոն‚ հայաստանյան մեր փառատոներին համերգասրահները լեցուն են ունկնդիրներով‚ չնայած որ տարբեր բեմահարթակներում անցկացվում են բավականին շատ համերգներ‚ փառատոներ։ Իհարկե‚ հաճելի է տեսնել հանդիսատեսի‚ հատկապես երիտասարդների նման հետաքրքրությունը։ Եվ երբ նման պատկերի ես ականատես լինում‚ ցանկանում ես ավելի ու ավելի շատ փառատոներ անցկացնել Հայաստանում։

Եվրոպայում տեղի ունեցող ասուլիսներում ինձ շատ հաճախ հարցնում են՝ ինչու՞ եք այդքան շատ բան անում Հայաստանի համար։ Իրականում պատճառները շատ են‚ սակայն ես կցանկանայի կանգ առնել կարևորագույնի վրա՝ դա պետության վերաբերմունքն է դասական երաժշտության և ընդհանրապես մշակույթի նկատմամբ։ Հայաստանի մշակութային նախագծերին հսկայական աջակցություն է ցուցաբերում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Իսկ դա շատ կարևոր է‚ քանի որ այստեղ անցկացվող միջազգային նախագծերը դիրքավորում են Հայաստանը որպես միջազգային մշակութային հարթակ։ Ընդամենը վերջերս փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ‚ ինչն այս համատեքստում նույնպես մատնանշում է այն աջակցությունը‚ որ ՀՀ կառավարությունը հատկացնում է մշակույթին։

Զրույցներից մեկում ես նշեցի‚ թե «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը շատ կարևոր է Հայաստանի համար‚ սակայն իտալացի հայտնի թավջութակահար Մարիո Բրունելոն ընդհատեց ինձ ու ավելացրեց՝ այս փառատոնը կարևոր է ոչ միայն Հայաստանի‚ այլև ամբողջ աշխարհի համար։ Նման փառատոների աշխարհում շատ հազվադեպ կարելի է հանդիպել։ Եվ հատկանշական է‚ որ Հայաստանի նման փոքր երկրում կարող են իրականացվել այսպիսի նախագծեր։

 

Ելենա Գալոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]