Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբերտ Աբաջյանի հիշատակը միշտ վառ է. անցկացվեց հերոսի անվան շախմատային հուշամրցաշար

Ռոբերտ Աբաջյանի հիշատակը միշտ վառ է. անցկացվեց հերոսի անվան շախմատային 
հուշամրցաշար

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը միշտ վառ է, սխրանքը՝ անուրանալի. հերոսի ծննդյան օրվա առիթով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նրա անվան դահլիճում կենտրոնում բուժվող տղաները, բժիշկներն ու Ազգային ժողովի պատգամավորներն անցկացրեցին շախմատային մրցաշար, որն ամեն տարի այս օրը կդառնա ավանդույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարին ներկա էին նաև Ռոբերտ Աբաջյանի հարազատները:

«Վառ լինի մեր Ռոբերտ Աբաջյանի հիշատակը: Անցյալ տարի Ռոբերտի ծննդյան առիթով տղաները հավաքվել էին այստեղ, Ռոբերտի ընտանիքը ևս այստեղ էր: Հերոսի անվան այս սրահը դեռ պատրաստ չէր, երբ նրա ընտանիքին հրավիրեցինք և խնդրեցինք թույլտվություն, որ դահլիճն անվանակոչենք Ռոբերտ Աբաջյանի անունով: Հաշվի առնելով, որ անցյալ տարի վարչապետը կենտրոնին նվիրել էր շախմատ, առաջարկություն ունեցանք այս տարի նոյեմբերի 16-ին Աբաջյանի ծննդյան օրը կազմակերպել մրցույթ, որը կարծում եմ, որ շատ կարևոր է»,-ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հույս հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթն ավելի լայն մասշտաբներ կունենա, շատ ավելի մեծ քանակությամբ մասնակիցներ կներգրավվեն:

Կենտրոնում բուժվող տղաների հետ շախմատ խաղաց նաև հենց ինքը՝ Մուրադյանը, ով պարտվեց Լաերտ Սաղաթելյանին: «Ինձ համար անսպասելի էր Լաերտի՝ այդպիսի արագ մտքի ճկունությամբ խաղը: Նա արժանապատիվ հաղթանակ տարավ»,-նշեց Մուրադյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը խաղից հետո խոստովանեց՝ շատ ուժեղ մրցակից էր իրեն բաժին ընկել: «Շատ կարևոր էր, որ հենց Ռոբերտ Աբաջյանի անունով սրահում մենք անցկացրեցինք հուշամրցաշար: Ռոբերտ Աբաջյանն Արցախի հերոս է, ով մինչև վերջ կյանքի գնով կանգնեց սահմանին: Ռոբերտն օրինակ է մյուս մեր բոլոր հերոսների համար: Մենք մեր լավագույնը պետք է անենք՝ հարգելու նրա, մյուս հերոսների հիշատակը, կանգնած լինելու հերոսների ընտանիքների կողքին։ Մեր խնդիրն է որպես պաշտոնյաներ կանգնել բոլոր հերոսների կողքին»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց՝ նման մրցաշարը նաև տղաների հետ շփման նոր հնարավորություն է տալիս: Պատգամավորը նշեց՝ բավականին ուժեղ շախմատիստներ կան նրանց շարքերում:

Մրցաշարին ներկա Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, լրագրողների հետ զրույցում նշեց՝ որդին ուզում էր շախմատ խաղալ, բայց չգիտի՝ սովորեց, թե ոչ: «Ինքն ամեն տեղ ուզում էր լինել: Հպարտություն եմ զգում, որ սա միայն իմը չէ, բոլորը շնորհավորում են իմ երեխայի ծնունդը: Ես միայն այդպես եմ հանգստանում, որ իմ որդու արարքը գնահատում են»,-ասաց հերոսի հայրը:

Կենտրոնում բուժվող տղաներից Ավետիս Զարգարյանը, ով մրցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, նշեց՝ սիրողական է խաղում: «Սակայն այսօր սիրողական խաղալս ինձ չփրկեց, պարտվեցի: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս սենյակում, մասնակցել Ռոբերտ Աբաջյանին նվիրված մրցաշարին: Այս սենյակը շատ ուրույն տեղ ունի մեր կենտրոնում: Հիմնականում այստեղ հավաքվում ենք, զրուցում, ժողովներ անում և հիշում Ռոբերտին»,-նշեց Ավետիսն ու մեկ բառով որակեց Ռոբերտի սխրանքը՝ հերոսություն, քանի որ նա իր կյանքը զոհելով փրկեց ողջ ազգին:

Տղաների հետ շախմատ խաղացին նաև պատգամավոր Արտակ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը:

Նոյեմբերի 16-ը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]