1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գևորգ Էմինի գրական ժառանգության մի մասը ներկայացվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Գևորգ Էմինի գրական ժառանգության մի մասը ներկայացվեց նրա հոբելյանին նվիրված 
ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց գրողի` գրադարանի ֆոնդերում պահվող հարուստ ժառանգությունը՝ գրքեր, թարգմանություններ, ինքնագրերով գրքեր, ամսագրերում և թերթերում տպագրված հոդվածներ, լուսանկարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացվեցին նաև Գևորգ Էմինի որդու՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Էմինի անձնական արխիվում պահվող եզակի ձեռագրեր:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ վերջերս բանաստեղծի թոռան`Գևորգ Էմին Տերյանի հետ առիթ են ունեցել աշխատելու գրողի արխիվում, որտեղ ոչ միայն նրա հսկայածավալ ժառանգությունն է, այլև փաստաթղթեր, լուսանկարներ, նյութեր, որոնք պատկերացում են ստեղծում 30-ական թվականներից մինչև 80-90-ականների գրական ընթացքի մասին և կարևոր են այդ շրջանի հեղինակավոր մարդկանց ուսումնասիրման գործում:

«Արխիվի ուսումնասիրությունը էական նաև այն պատճառով, որ ժամանակին հրատարակվեցին Գևորգ Էմինի որոշ գործեր, որոնք իբր գրվել են 30-ական թվականներին: Շատ գրականագետներ կարծիք էին հայտնում, որ դրանք կեղծված նյութեր են, քանի որ անհնար էր այդ շրջանում նման ստեղծագործություններ գրել: Արխիվում գտանք 30-ականների Էմինի ձեռագրերը»,-պատմեց գրականագետը:

Նիկողոսյանը շեշտեց, որ Գևորգ Էմինը հակասական, բարդ անհատականություն էր, այդ պատճառով նրա շուրջ տարբեր, երբեմն ոչ հենց այնպես բամբասանքներ էին պտտվում, վարկածներ, զազրախոսություններ,  որոնք խանգարել են նրա ստեղծագործության ամբողջական ընկալմանը:

Արտաշես Էմինը, անդրադառնալով գրադարանին նվիրած գրականությանը,  ասաց, որ քսան կամ երեսուն գիրք է նվիրել: «Օտարալեզու գրքերի երկրորդ օրինակները գտա տանը և կարծեցի` ավելի լավ է`դրանք այստեղ լինեն»,-շեշտեց նա:

Էմինը հիշեցրեց, որ հետխորհրդային շրջանում Գևորգ Էմինի գործերը Հայաստանում չէին հրատարակվում, ինչը գրողին շատ էր դառնացրել: «Այդ տարիներին Բեյրութում տպվեց «Շատ չեղավ, Աստված» գիրքը, որը ներկայացված է ցուցահանդեսում: Գրքում տեղ գտած բանաստեղծությունները Հայաստանում հայտնի չեն: Հոբելյանի կապակցությամբ նախատեսում ենք հրատարակել Գևորգ Էմինի ընտիր և անտիպ գործերի ժողովածուն»,-եզրափակեց գրողի ժառանգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]