Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

ԱՄՆ-ն փորձում է քրդերի միջոցով իր ձեռքում պահել Սիրիայի նավթահանքերը

ԱՄՆ-ն փորձում է քրդերի միջոցով իր ձեռքում պահել Սիրիայի նավթահանքերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն շարունակելու է  իր ձեռքում պահել նավթի հանքերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից դեպի արևելք և որտեղ հիմնականում բնակվում են քրդերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

«Ամերիկացիները պահելու են իրենց ձեռքում այդ նավթահորերը: Մոտավոր հաշվարկներով ամերիկացիները ամսական 30 միլիոն դոլարի շահ են ստանում այնտեղից: Ինչպես հայտարարում են ամերիկացիները՝ նավթի շահույթը գնում է քրդերին օգնելուն, բայց նավթը պետք է դուրս բերվի ու հիմնականում դուրս է բերվում Թուրքիայի տարածքով և վաճառվում»,- ասաց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով քրդերի խնդրին՝ արևելագետը նշեց, որ թուրքերը և ամերիկացիները, հավանական է, եկել են համաձայնության, որ պետք է հնարավորինս քրդերին հեռացնել թուրք-սիրիական սահմանից, ինչը Թուրքիայի վաղեմի պահանջն է:

«Ամերիկացիները այդ առաջարկին կողմ են, որովհետև նրանք հնարավորություն են ստանում քրդերի վրա հիմնվելով ստեղծել փոքր պետություն կամ ինքնավար միավորում, որը կգտնվի  ամերիկացիների վերահսկողության ներքո, և նրանք հնարավորություն կունենան օգտագործել այդ հանքերը նաև հետագայում: Թուրքիայի շահերից բխում է դա, քանի որ Անկարան ուզում է քրդերին հնարավորինս դուրս հանել թուրք-սիրիական սահմանից»,- շեշտեց Սաֆրաստյանը:

Ըստ գիտնականի`ամերիկացիներն իրենց ռազմավարությունը փոխում են և՛ Սիրիայում, և՛ աշխարհում. նրանք անցնում են աշխարհաքաղաքական մոտեցման մի նոր փուլի:

«ԱՄՆ-ն հրաժարվում է դասական աշխարհաքաղաքական մոտեցումներից, որով ազդեցություն է ձեռք բերում տարբեր պետությունների կառավարությունների վրա և այդ պետություններին ստիպում, որ  հետևեն իր քաղաքականությանը: Ներկայումս ամերիկացիներն սկսում են ավելի կետային ռազմավարություն իրականացնել` իրենց տեսանկյունից կարևոր կետերն են վերցնում, ինչպես տեղի է ունենում Սիրիայում, իսկ մնացածը նրանց արդեն չի հետաքրքրում: Կարծում եմ, այս նոր ռազմավարությունն իրականացնելու համար նրանք Թուրքիայի կարիքն ունեն»,- եզրափակեց Սաֆրաստյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ