Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գավառում կայացավ Վաչագան Գրիգորյանի «Լևոն Խեչոյանի ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը

Գավառում կայացավ Վաչագան Գրիգորյանի «Լևոն Խեչոյանի ստեղծագործությունը» 
գրքի շնորհանդեսը

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանում կայացավ նույն բուհի Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, «Հրանտ Մաթևոսյան» գրական մրցանակիդափնեկիր Վաչագան Գրիգորյանի «Լևոն Խեչոյանի ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը ներկա էին Երեւանի եւ Գավառի պետական համալսարանների դասախոսներ եւ ուսանողներ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ստեղծագործողներ:  

Վ. Գրիգորյանի ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը ներկայացրեց Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, բանասեր Ռուզաննա Վարդանյանը՝ նշելով, որ նրա բեղուն գրչին են պատկանում Լևոն Շանթի, Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների վերլուծությունները, «Ժորա Հարությունյանի դրամատուրգիան», «19-րդ դարի հայ գրականության պատմություն», «Քաղս», «Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունները», «Լևոն Խեչոյանի ստեղծագործությունը» բարձրարժեք ուսումնասիրությունները, ինչպես նաեւ՝ բազմաթիվ հոդվածներ եւ գրախոսականներ։

Բանախոսները կարեւորեցին Վ. Գրիգորյանի կողմից Լևոն Խեչոյանի ստեղծագործությունների խորքային ուսումնասիրությունն ու բազմակողմանի վերլուծությունը։ Գրականագիտության ասպարեզում Վ. Գրիգորյանի գործունեությունը տեսաձայնագրության միջոցով բարձր գնահատեցին նաեւ նրա դասախոսը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, գործընկերները՝ Երեւանի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Թադեւոս Սիմոնյանը, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, ԳՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը։

Գրքի շնորհանդեսից զատ՝ օրը նշանավորվեց նաեւ հեղինակի հոբելյանական տարեդարձը նշելու հանգամանքով։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, գործընկերները  եւ ուսանողները ջերմորեն շնորհավորեցին Վաչագան Գրիգորյանին՝ ծննդյան 60-ամյակի առիթով։

Գավառի պետական համալսարանի ուսանողները եւ շրջանավարտները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամները Վաչագան Գրիգորյանին բնութագրեցին որպես նվիրյալ գիտնականի, իսկական մտավորականի, փայլուն գրականագետի, սիրված դասախոսի, ընկերոջ ու գործընկերոջ, հոգատար հոր եւ բարձր որակների տեր մարդու։

Ամփոփելով միջոցառումը՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը երախտագիտություն հայտնեց պարոն Գրիգորյանին՝ խորը ասելիք եւ ինքնատիպ ձեռագիր ունեցող, մայր հողի դողը զգացող եւ ուրույն ձեւով արձանագրող, հայրենասեր գրող եւ ազատամարտիկ Լևոն Խեչոյանի ստեղծագործական ժառանգությունն ընթերցողներին հավուր պատշաճի ներկայացնելու, ինչպես նաեւ դասախոսական գործունեության համար՝ մաղթելով հետագա ձեռքբերումներ ու հաջողություններ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]