Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է. վարչապետը՝ ոլորտային հանձնաժողովի նիստին

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է. վարչապետը՝ ոլորտային 
հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 14-ին կառավարությունում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով. «Տեղյակ եք, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մասնավորապես, փոխվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի ենթակայությունը և Պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարություն: Ես ուզում եմ, առիթից օգտվելով, Պաշտպանության նախարարությանը շնորհակալություն հայտնել մինչ այժմ այդ ոլորտում կատարած աշխատանքների և ունեցած ներդրման համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությանը և նաև Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարին և հույս հայտնել, որ այս կառուցվածքային փոփոխությունը կնպաստի, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում էական փոփոխություններ և տեղաշարժեր արձանագրենք՝ հենվելով արդեն իսկ այս պահին եղած արդյունքների, կատարված աշխատանքների վրա, որովհետև այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է, և դրա կարևորությունը, իհարկե, բացատրելու անհրաժեշտություն չկա»:

Նիստում զեկույցով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության միջև գործուն կապի ձևավորմանը վերաբերող հարցեր: Հավանության է արժանացել Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների 2020թ. պետական պատվերի անվանացանկը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ