Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեղծվել է սոցիոլոգների ցանց. նրանք պատրաստ են գիտելիքները ծառայեցնել հանրային խնդիրների լուծմանը

Ստեղծվել է սոցիոլոգների ցանց. նրանք պատրաստ են գիտելիքները ծառայեցնել հանրային խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականը խորհրդանշական տարի է թե՛ Երևանի պետական համալսարանի 100-ամյակը տոնելու, թե՛ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյա հոբելյանը նշելու առումներով. նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հոբելյանական միջոցառումները շարունակական են: Մինչ դա, հոկտեմբերի 29-ին, Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ֆակուլտետի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ իրականացրել են «հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծման մեկնարկային միջոցառումն էր: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծումը նախաձեռնել են ԵՊՀ Սոցիոլոգիայի Ֆակուլտետի շրջանավարտների նախաձեռնող խմբի անդամներ, ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ՝ Գայանե Հովակիմյանը (ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն), Մարինա Գալստյանը (Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն), Աննա Մալխասյանը (Դի Վի Վի Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող)։

«Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» գիտաժողովը ինքնատիպ հարթակ հանդիսացավ, որը համախմբեց ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներին, ֆակուլտետի անձնակազմին, հանրային քաղաքականություն մշակողներին, ուսանողներին, ինչպես նաև հանրային քաղաքականությամբ հետաքրքրված հետազոտողներին, պետական, միջազգային, տեղական, հասարակական կառույցների ներկայացուցիչներին, որտեղ քննարկվեցին հանրային քաղաքականության տարբեր ոլորտներին առնչվող արդիական ու հրատապ հիմնախնդիրները:

Սոցիոլոգները ներկայացրեցին մի շարք կարևոր ոլորտներին առնչվող հետազոտական արդյունքներ` դրանց հիման վրա առաջ քաշելով հանրային քաղաքականության խնդիրների լուծման հայեցակարգային դրույթներ: Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ պետական կառավարման որակի և հիմնավորվածության ապահովման նպատակով սոցիոլոգիական գիտելիքի և մեթոդաբանության կիրառումը, անվտանգային և պաշտպանական ոլորտներում արդիական սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման փորձն ու հեռանկարայնությունը, երիտասարդական, կրթական, տնտեսական, աղքատության հաղթահարման և այլ ոլորտներում հետազոտահեն մոտեցումների կիրառման արդյունավետությունն ու ընդլայման անհրաժեշտությունը, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունն ու դրանում սոցիոլոգիական գիտելիքի կիրառման ցածր մակարդակը, միջազգային և տեղական զարգացման ծրագրերում մասնագիտական գործիքակազմի կիրառման հարցերը, և այլն:

Ինչպես նշեց Մարինա Գալստյանը. «Կարևորում ենք շրջանավարտների ցանցի հիմնումը, որը հանրային քաղաքականության և հանրային կառավարման տարբեր ոլորտներում սոցիոլոգիական գիտելիքի կիրառման վերաբերյալ, հասարակական տարբեր խնդիրների մասնագիտական քննարկման, հետազոտողների և հանրային քաղաքականություն մշակողների միջև երկխոսության ձևավորման, և իհարկե մասնագիտական շարունակական զարգացման հարթակ կարող է հանդիսանալ»։

Գիտաժողովի շրջանակներում ընդունվեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծման հռչակագիրը, որում մասնավորապես նշված է.

«Հիմք ընդունելով հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում  ծառացած  կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված սոցիոլոգիական գիտելիքի կիրառման անհրաժեշտությունը, կարևորելով ՀՀ-ում  մասնագիտական փորձագիտական գիտելիքի կիրառումը հանրային նշանակության խնդիրներին ուղղված այլընտրանքային  մեխանիզմների մասնակցային մշակման հարցում և համոզված  լինելով,  որ  հանրային  խնդիրների  լուծման  գործում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն փորձագիտական գործուն ներգրավմամբ և ՀՀ կառավարության,  Ազգային ժողովի, ՏԻՄ-երի,  ինչպես  նաև  միջազգային և այլ տեղական կառույցների  հետ արդյունավետ համագործակցության  ձևավորմամբ ու զարգացմամբ, նպատակ  ունենալով  նպաստել հետազոտահեն հանրային քաղաքականության մշակույթի զարգացմանը ու խթանել պետական կառավարման տարբեր ոլորտներում սոցիոլոգների ակտիվ ներգրավմանը` սույն  Հռչակագրին  մասնակից  մասնագետներն ազդարարում են իրենց ռազմավարական նպատակների իրականացման շուրջ համագործակցության և  գործընկերության  մասին՝  հռչակելով  Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի հիմնադրումը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցը կամավոր հիմունքներով ոչ ֆորմալ համագործակցային հարթակ է: Ցանցի կառավարումը հիմնված է մասնակցայնության սկզբունքի վրա, որը շրջանավարտներին հնարավորություն է տալիս ներգրավվել ցանցի նախագծման և իրականացման աշխատանքներում»:

Հռչակագիրը բաց է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]