Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդիր պետք է դնենք մեր առաջ. Նիկոլ Փաշինյան

Կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդիր պետք է դնենք մեր 
առաջ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է ունենան նաև POS տերմինալի ֆունկցիա: Այդ մասին կառավարության նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: 

«Առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են, այսինքն՝ ՀԴՄ-ն համապատասխանում է տեխնիկական պահանջներին, ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում այդ POS տերմինալի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի: Սրանով հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում տնտեսավարողները օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հասկանալը, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա նաև ընդհանրապես վերացնելուն: «Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում խնդիր ենք ստեղծել: Այն խնդիրը, որ ասել ենք, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Ըստ էության, եղած ՀԴՄ-ներն արագ սպառվեցին՝ կապված նաև նրա հետ, որ գներն իջեցրեցինք»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդրի լուծումը՝ ավելացնելով, որ աշխարհում բանկային քարտերը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները:

«Կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ԿԲ-ի հետ աշխատում են, որ բանկերը պատրաստ լինեն իրենց ծառայությունների վճարն իջեցնելու, որոշ դեպքերում վերացնելու, որպեսզի դրանով նպաստեն անկանխիկ շրջանառությանը:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ