Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ

Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը:

Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում բացվել է անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող թարմ մսի վաճառակետ: Այժմ արդեն գյուղացին չի կարող թարմ միս-մսեղիքը վաճառել փողոցում՝ պատճառաբանելով, թե պետությունը կամ համայնքը իրենն որևէ այլ հնարավորություն, վաճառքի այլ՝ ավելի բարեկարգ, վայր չի առաջարկում:

Վաճառակետի բացման արարողությանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է, որ տարբեր կառույցների մոտեցումների մեկտեղումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք: «Սա ցցուն օրինակ է, թե ինչպես է հնարավոր վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության ու տեղական ինքնակառավարման մարմնի համատեղ ուժերով կարճ ժամկետում խրթին ու անլուծելի թվացող հարցեր լուծել: Մենք բոլորս այս դեպքում ունեցել ենք նույն ելակետն ու նպատակը՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ սննդամթերք օգտագործելու իրավունքը: Սիսիանցիների համար սա առաջին հայացքից կարող է փոքր քայլ թվալ, սակայն այն մեծ քայլ է մեր սերունդների առողջության ապահովման տեսակետից»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն իրականացնող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում:

Միջոցառմանը ներկա էր Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետարանից, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալությունից, ՌԶԳ ՀԿ-ից:

Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար, այն վերջ կտա համայնքում մսի փողոցային առևտրին և կնպաստի Սիսիանում մսի շուկայի կայուն զարգացմանը: Վաճառակետի առավելություններից մեկն էլ այն է, որ այստեղ սպառողը թարմ միսը ձեռք է բերում անմիջապես արտադրողից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]