Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երախտիքի տուրք արժանավորներին, թե՞... Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Երախտիքի տուրք արժանավորներին, թե՞... Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում 
մեր անվանիների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանն ապրել է Տերյան 19 շենքում։ Այս մասին վերը նշված հասցեում որեւէ հիշատակում չեք տեսնի։ Թեեւ հայ կինոյի տաղանդաշատ գործչի մահվանից անցել է արդեն մոտ 5 տարի, սակայն «Այստեղ է ապրել Կարեն Ջանիբեկյանը» վերտառությամբ՝ դերասանի հիշատակը հավերժացնող որեւէ գրություն կամ հուշատախտակ դեռեւս չկա։
Չստորադասելով գիտության ու մշակույթի այլ գործիչների վաստակը, պարզապես նշեմ, որ միայն Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտայի 9 համարի շենքի վրա 13 հուշատախտակ է տեղադրված։ Գիտությունների ակադեմիայի բնակելի տունն է կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ ակադեմիկոսների շենքը։ Ճարտարապետական հուշարձան համարվող քառահարկ այս շինությունն ընդգրկված է ՀՀ մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։ Հուշատախտակները տեղադրված են շենքի արտաքին պատին՝ իրարից մոտ մեկ-մեկուկես մետր հեռավորության վրա։
Այս պարագայում հարց է առաջանում՝ ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենում նշանավոր գործիչներին նվիրված հուշատախտակների եւ հուշարձանների տեղադրման կարգը։ Ոլորտը կարգավորող ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պետական եւ հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով պետական եւ համայնքների տարածքներում ու հասարակական վայրերում հուշարձանների՝ վեհարձանի, կոթողի, անդրիի, կիսանդրիի, հուշաքարի, հուշատախտակի տեղադրումը կարող են նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովը, կառավարությունը, նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, ԱԺ պատգամավորները եւ առանձին քաղաքացիներ։
Հուշարձանի տեղադրման վերաբերյալ առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական եւ հասարակական նշանավոր գործչի կամ նրա ժառանգների ու համապատասխան համայնքի ավագանու հետ եւ ՀՀ կառավարության աշխատակազմի միջոցով ներկայացվում տվյալ գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական կառավարման հանրապետական մարմին, որը ՀՀ համապատասխան մարզպետին է ներկայացնում գործչին նվիրված հուշարձանի տեղադրման վերաբերյալ առաջարկություն՝ նշելով հուշարձանի տեսակը, տեղադրման վայրը, պատվիրատուին եւ ֆինանսավորման աղբյուրները։ ՀՀ համապատասխան մարզպետը նպատակահարմարության դեպքում ընդունում է որոշում հուշարձանի կանգնեցման վերաբերյալ։
Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ հուշարձանների տեղադրման պարագայում Երեւանի ավագանու դերը հուշարձանի կանգնեցման գաղափարը քննարկելն է՝ համայնքի ավագանու եւ/կամ ընտանիքի անդամների հետ։ Հուշարձան, այս պարագայում՝ հուշատախտակ տեղադրելու միջնորդությունը ներկայացվում է Երեւանի քաղաքապետարան, ապա ուղարկվում է ավագանուն։ «Ավագանին որոշում է՝ առարկություններ ունի՞, թե՞ ոչ։ Այն կրկին հետ է «գնում»՝ քաղաքապետի որոշմանը։ Եթե նա որոշում է հարցը բերել օրակարգ, այս դեպքում արդեն ավագանին քննարկում է նախագիծը։ Ընթացակարգը սա է։ Եթե Կարեն Ջանիբեկյանի համար պետք է հուշատախտակ տեղադրել, առաջին քայլը քաղաքապետարան միջնորդություն ներկայացնելն է։ Ի դեպ, միայն ընտանիքի անդամի միջնորդությունը բավարար չէ։ Եթե մասնագիտական հանրության ներկայացուցիչ է, պետք է լինի դիմում կամ նամակ որեւէ ոլորտային հաստատության կողմից։ Օրինակ, եթե գրողի մասին է խոսքը, կարող է նամակ ուղարկել գրողների միությունը»,–մանրամասնեց Սաթենիկ Մկրտչյանը։
Վերջինիս խոսքով՝ հուշատախտակ տեղադրելու վերաբերյալ քաղաքապետարանում տարիներով կուտակված դիմումներ կան։ Թե ինչ չափորոշիչներով է ավագանին գնահատում այս կամ այն հուշատախտակի լինել կամ չլինելը, դեռեւս կանոնակարգված չէ. «Միջնորդություն ներկայացնող ցանկացած ոք ուզում է, որ իր պապիկի հուշատախտակը լինի շենքի արտաքին պատին։ Շատ լուրջ հարց է ավագանու առաջ դրված՝ ինչպե՞ս պետք է մոտենալ այն բազմաթիվ միջնորդություններին՝ կապված հուշատախտակ փակցնելու հետ։ Հիմնականում կենտրոնական փողոցներն են, եւ արդյունքում ստացվելու է, որ շենքերի արտաքին տեսքը պատվելու է տարբեր հուշատախտակներով։ Մենք նաեւ քննարկում ենք այն հարցը, թե քանի տարի հետո է այն համարվում անվանակոչության, հիշատակի նշում։ Փողոցների դեպքում սա հստակ է՝ նշանավոր գործչի մահվանից 10 տարի հետո միայն։ Հանձնաժողովի առաջին նիստում որոշեցինք չափորոշիչ մշակել։ ՏԻՄ օրենքներով՝ ավագանին չունի գնահատման համապարփակ պարտադիր նորմեր։ Հավանաբար, պետք է սկսենք կառավարության հետ աշխատել, որպեսզի դաշտն օրենսդրորեն կարգավորվի»։
Հանրությունը հաճախ քննադատորեն է մոտենում նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ են մինչ օրս պահպանվում հասարակական-քաղաքական ինչ-ինչ գործիչների արձաններն ու փողոցների անվանումները, որոնք ժամանակին իրենց գործունեությամբ ոչ մի դրական ներդրում չեն ունեցել պետության կայացման գործում։ Հնարավո՞ր է, արդյոք, հետագայում այս իմաստով փոփոխություններ արվեն՝ հարցին ի պատասխան Երեւանի ավագանու անդամը պարզաբանեց. «Արձանների մասով՝ ոչ, իսկ փողոցների հարցում վերանվանումների շուրջ քննարկումներ հաճախ են լինում։ Գալիս են մարդկանց կողմից միջնորդություններ, օրինակ, թե ինչո՞ւ են այս հասարակարգի անձանց անուններով փողոցները շարունակում կոչված լինել։ Սակայն, կրկին գալով օրենսդրական դաշտ, ասեմ, որ այդ բոլոր գործողությունների համար կան օրենքներ, կառավարության որոշումներ, հաստատված նորմատիվ ակտեր։ Կառավարության որոշման համաձայն՝ փողոցի անվանափոխությունն իրականացվում է մի քանի դեպքում՝ այդ թվում, երբ գործող անվանումը օտար եւ անբարեհունչ է, երբ վերականգնում ես այդ փողոցի պատմական անցյալը»։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]