Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտրոնը վերազինվել են նորագույն սարքավորումներով

Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտրոնը վերազինվել են նորագույն  սարքավորումներով

ԳԱՎԱՌ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունի քաղաքի ծննդատունը եւ բժշկական կենտրոնը իրենց տնտեսած միջոցների հաշվին ձեռք են բերել նորագույն բժշկական լաբորատոր եւ գործիքային սարքավորումներ, որոնց գործարկմամբ բարձրանում է բուժսպասարկման որակը եւ բուժհետազոտությունների արդյունավետությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նորագույն սարքավորումների աշխատանքը դիտարկելու նպատակով Մարտունու ծննդատուն եւ բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես տեղում ներկայացրեց «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, բուժհաստատությունը ձեռք է բերել ուլտրաձայնային հետազոտման սարք, որի համար տնտեսված միջոցներից հատկացվել է 9,5 միլիոն դրամ: «Նորագույն սարքավորումը հայտնաբերում է մանկաբարձական ու գինեկոլոգիական, ինչպես նաեւ երակների եւ պտղի անոթների հետ կապված հիվանդությունները, տարբեր տեսակի արատները, որոնք հնարավոր կլինի կանխարգելել ժամանակին: Այս սարքավորումը մեր հազարավոր շահառուներին հնարավորություն կտա ճշգրիտ հետազոտություններ անցնել տեղում եւ չդիմել մայրաքաղաքի բուժհաստատություններ: Մինչեւ հունվար ամիսը մենք մեր միջոցների հաշվին սպասարկումը կիրականացնենք անվճար, իսկ 2020 թվականից հետազոտությունները կիրականացվեն պետպատվերով»,-նշեց ծննդատան տնօրենը:

Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ներկայացրեց նոր ձեռք բերված իմունոհեմոլյումինեսցենտային  եւ հեմատոլոգիական  անալիզատոր սարքերի արդյունավետությունը: «Սարքավորումները  ձեռք են բերվել մեր տնտեսած միջոցների հաշվին, շուրջ 8 միլիոն դրամ արժեքով: Դրանք հնարավորություն են տալիս՝ շուրջ 300 տեսակի հետազոտություններ իրականացնելու համար: Սրանով մեր լաբորատորիայի աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրանում է ավելի քան 10 անգամ: Լաբորատոր հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռք ենք բերել նաեւ ժամանակակից բիոքիմիական անալիզատոր, որը կտեղադրենք ու կշահագործենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այս քայլերի շնորհիվ տարբեր հետազոտությունների համար մեր բնակիչները ստիպված չեն լինի դիմել մայրաքաղաքի բուժհաստատությունների օգնությանը¦,-նշեց տնօրենը:

Գնել Սանոսյանն այցելեց նաեւ թերապեւտիկ բաժանմունք, զրուցեց բուժանձնակազմի հետ, անհրաժեշտ ցուցումներ տվեց դիահերձարանի շենքային նոր պայմանների ապահովման վերաբերյալ: «Մարտունի քաղաքի երկու բուժհաստատություններն էլ շատ կարեւոր ձեռքբերում են ունեցել: Այդ նորագույն սարքավորումները, որոնք ոչնչով չեն զիջում մայրաքաղաքի առաջատար հաստատությունների սարքավորումներին, կապահովեն որակյալ բուժսպասարկում, շատ հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը կիրականացվի տեղում: Մարտունու բժշկական կենտրոնում առաջացել է նոր դիահերձարանի շենք ունենալու խնդիրը, քանի որ, կապված բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հետ, հին դիահերձարանի շենքը քանդվելու է: Բացի այդ, նոր դիահերձարանը պահանջելու է ավելի արդիական ու նորացված պայմաններ: Այդ խնդիրը մենք պետք է լուծենք հնարավորինս սեղմ ժամկետներում»,-այցի արդյունքներն ամփոփեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]