Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լավրովի հայաստանյան այցի հիմնական ուղերձները

Լավրովի հայաստանյան այցի հիմնական ուղերձները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս երկօրյա պաշտոնական այցով Երևանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցը բավական հագեցած էր հանդիպումներով (ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ) և այլ միջոցառումներով,  որոնց ընթացքում հնչած հայտարարություններում առկա էին մի շարք կարևոր ուղերձներ: Հատկանշական է, որ այցին ընդառաջ Լավրովը հարցազրույց էր տվել նաև հայկական լրատվականներից մեկին՝ անդրադառնալով երկկողմ շահերին առնչվող տարբեր կարևոր խնդիրների:

Ս. Լավրովի հայաստանյան պաշտոնական այցը վերլուծելիս՝ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ:

Հայ-ռուսական հարաբերություններ: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սա ռուս դիվանագետի առաջին այցն էր դաշնակից երկիր, և բնականաբար, այցի նկատմամբ բավական մեծ էր ուշադրությունը թե՛ ԶԼՄ-ների, թե՛ վերլուծական շրջանակների կողմից: Հատկանշական է, որ այցին նախորդած հարցազրույցում և այցի ընթացքում Լավրովը բավական դրական գնահատականներ է տվել ինչպես հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին, այնպես էլ ՀՀ նոր իշխանությունների հետ համատեղ աշխատանքին: Ս. Լավրովը, մասնավորապես, ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը որակել է «կառուցողական և վստահելի բնույթ կրող», իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ «հավասարակշռված և պատասխանատու»: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կողմից նման արձանագրումները բավական կարևոր են և, ըստ էության, փաստում են, որ ամիսներ շարունակ տարբեր քաղաքական ուժերի, փորձագետների կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հոռետեսական գնահատականները, մեղմ ասած, իրականության հետ որևէ առնչություն չունեն: Ավելին, վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանի կողմից եղել են հստակ քայլեր, որոնք համահունչ են եղել հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին  և վստահաբար գնահատվել են նաև Մոսկվայի կողմից: Նման քայլերից են՝ Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի կարողությունների կրկնապատկման շուրջ պայմանավորվածությունը, կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության օրակարգը և այլն:

Բնականաբար, երկու դաշնակից երկրների միջև համագործակցության ոլորտներում առկա են և կարող են առաջանալ տարբեր հարցեր, ինչը բնական է, և, ինչպես հենց Լավրովն ընդգծեց ասուլիսի ընթացքում, կողմերը հանձնառու են դրանց կառուցողական ճանապարհով լուծմանը, փոխընդունելի լուծումների հասնելուն:

Ղարաբաղյան հիմնախնդիր: Հաշվի առնելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարևորությունը՝ բնական է, որ այն չէր կարող շրջանցվել Լավրովի այցի ընթացքում, ավելին, այս թեմայի հետ կապված ևս եղան կարևոր շեշտադրումներ: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը շեշտեց, որ անհրաժեշտ են քայլեր, որոնք «ուղղված կլինեն հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը՝ հիմքում ունենալով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները»: Սա փաստում է, որ համանախագահության մեջ ևս առկա է հնարավոր էսկալացիայի ռիսկերի նվազեցման կարևորության գիտակցումը, և այս համատեքստում բավական կարևորվում է դեռ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո կողմերի միջև ձեռք բերված Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը:

ՌԴ ԱԳ նախարարի այցի ընթացքում արված մեկ այլ կարևոր շեշտադրում էլ ուղղակիորեն առնչվում էր Արցախի սուբյեկտայնությանը: Ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, Լավրովը հստակ ընդգծեց, որ բոլորի (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների) համար հասկանալի է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ ձևակերպել»: Բանակցային գործընթացի ինչ-որ փուլում Արցախի մասնակցության վերաբերյալ նախկինում համանախագահների կողմից տարբեր հայտարարություններ, իհարկե, եղել են, սակայն այս հայտարարությունն իր ձևակերպմամբ որոշակի առումով նորույթ էր՝ ընդգծող Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը: Գաղտնիք չէ, որ հայկական կողմն այս հարցը վերջին շրջանում ակտիվորեն բարձրացնում է՝ պնդելով, որ բանակցային գործընթացում Արցախը պետք է ունենա որոշիչ ձայն և լիարժեք մասնակցություն: Եվ, ինչպես տեսնում ենք, այս մոտեցումն ավելի ու ավելի է ընկալելի դառնում նաև միջնորդների համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց վերաբերյալ ռուս դիվանագետի երրորդ ուշագրավ շեշտադրումը  վերաբերում է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ վերջնական պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը: Ըստ Լավրովի՝ «դժվար է վիճել այս մոտեցման հետ»: Նման արձանագրումը կարևոր է.  սա մի կողմից ընդգծում է հայկական կողմի կառուցողականությունը, մյուս կողմից՝ ուղերձ է Բաքվին, որը ոչ միայն մինչ օրս անպատասխան է թողել այս հայտարարությունը, այլ նաև շարունակում է իր առավելապաշտական հռետորաբանությունը:

Հայ-թուրքական հարաբերություններ: Ե՛վ իր հարցազրույցում, և՛ ասուլիսի շրջանակներում Լավրովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, այդ թվում՝ Ցյուրիխյան գործընթացին: Նա, մասնավորապես ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է օժանդակել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը... սակայն դրա համար երկու կողմերի հետաքրքրվածությունն է պետք»: Վերջին ամիսներին նկատվող ՌԴ-Թուրքիա մերձեցման ֆոնին՝ Հայաստանում ոմանք Լավրովի այս հայտարարության վրա հիմնվելով ենթադրեցին, թե Մոսկվան ունի հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման ինչ-որ նախաձեռնություն: Սակայն, իրականում, ՌԴ նման պատրաստակամությունը նոր չէ, և նախկինում ևս նույնաբովանդակ հայտարարություններ արվել են: Ավելին, Թուրքիայի ներկայիս իշխանությունների օրոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որևէ տեղաշարժ իրատեսական չէ:

Հայ-ռուսական երկկողմ օրակարգ: ՌԴ ԱԳ նախարարի այցի շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին, միջազգային հարթակներում համագործակցությանը և այլն: Հատկանշական է նաև այն, որ կողմերն ասուլիսի ընթացքում արձանագրեցին նաև առաջընթաց կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ. համագործակցության հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են, այն գտնվում է երկրների միջգերատեսչական համաձայնեցման փուլում: Ինչպես հայտնի է, այս թեման պարբերաբար բարձրացվում էր ռուսական կողմից՝ երբեմն դառնալով նաև շահարկումների առարկա: Կարելի է ենթադրել, որ այս հարցի վերաբերյալ բոլոր այդ շահարկումներին վերջ կդրվի, երբ ստորագրվի և իրականացման փուլ մտնի տվյալ հուշագիրը, որը ենթադրում է երկկողմ շարունակական փոխգործակցություն և թափանցիկություն:

Ամփոփելով ՌԴ ԱԳ նախարարի հայաստանյան այցը՝ այն կարելի է գնահատել կարևոր և արդյունավետ՝ թե՛ հայ-ռուսական հարաբերություններում երկկողմ կապերի և փոխըմբռնման ամրապնդման, թե՛ հարաբերությունների զարգացման ներկայիս փուլի վերաբերյալ կարևոր արձանագրումներ անելու տեսանկյունից:

 

Նարեկ Մինասյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]