Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ճանաչիր Չինաստանը» մրցույթի հաղթողները պարգևատրվեցին. գլխավոր մրցանակը՝ Հայ-չինական դպրոցին

«Ճանաչիր Չինաստանը» մրցույթի հաղթողները պարգևատրվեցին. գլխավոր մրցանակը՝ 
Հայ-չինական դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության, «Արմենպրես» լրատվական գործակալության և Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հայտարարած «Ճանաչիր Չինաստանը» մրցույթի մրցանակները գտան իրենց հասցեատերերին: Հաղթողները պարգևատրվեցին Հայ-չինական բարեկամության դպրոցում նոյեմբերի 12-ին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Մրցույթին մասնակցել է 5 հազար 317 մարդ, բոլոր հարցերին ճիշտ պատասխանել է 413-ը: Ըստ մրցույթի կանոնների` մրցանակային տեղերը զբաղեցրել են բոլոր հարցերին անսխալ և ամենաարագ պատասխանած մասնակիցները: Գլխավոր մրցանակը՝ ուղևորությունը Չինաստան, շահել է 38-ամյա Գառնիկ Հովակիմյանը: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներն են Վահագն Աթաբեկյանը, Բագրատ Սիմոնյանը, որոնք ստացան համակարգիչներ: Հայկ Խաչատրյանը, Տաթև Ալթունյանը, Արմեն Խաչատրյանը, Արամ Մխիթարյանը, Նելլի Պիպոյանը զբաղեցրել էին երկրորդ տեղը՝ ստանալով բջջային հեռախոսներ: Երրորդ տեղը զբաղեցրել էին Գևորգ Մելոյանը, Անդրանիկ Մխիթարյանը, Արուսյակ Թովմասյանը, Մարինե Սեմերջյանը, Տաթևիկ Դավթյանը, Լիլիթ Հակոբյանը, Սոնա Մանվելյանը, Լևոն Երիցյանը, Կիմա Աբազյանը, Անի Ավետիսյանը: Նրանք ստացան լիցքավորման սարքեր:

Գլխավոր մրցանակը շահած Գառնիկ Հովակիմյանը, շնորհակալություն հայտնելով նման մրցույթի անցկացման, մրցանակ շահելու հնարավորության համար, հանդես եկավ անակնկալ առաջարկությամբ: Նա որոշեց իր գլխավոր մրցանակը փոխանցել Հայ-չինական բարեկամության դպրոցին, որպեսզի դպրոցն անցկացնի մրցույթ բարձր դասարանի աշակերտների շրջանում և 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում առավելագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտին հնարավորություն տա մեկնել Չինաստան:

«Ես սիրում եմ ճանապարհորդել և արդեն բազմաթիվ երկրներում եղել եմ: Չինաստանը նույնպես կա իմ առաջիկա պլաններում, սակայն մտածեցի, որ դա ես ինքս կարող եմ կազմակերպել: Այս մրցանակը դպրոցին փոխանցելով՝ ես ուզում եմ խրախուսել աշակերտներին, որ ավելի լավ սովորեն: Կարծում եմ՝ ինձ կընդգրկեն այդ մրցույթի կազմկոմիտեում, որպեսզի տեսնեմ Չինաստան մեկնող աշակերտին»,-ասաց Գառնիկ Հովակիմյանը:

Դեսպանը, կազմակերպիչները, դպրոցի տնօրինությունը բարձր գնահատեցին Գառնիկ Հովակիմյանի քայլը: ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն հայտնեց մրցույթի բարձր մակարդակի անցկացման համար և իր շնորհավորական խոսքն ուղղեց մասնակիցներին: Դեսպանը նկատեց, որ մրցույթի մասնակիցների թիվը գերազանցել է 5000-ը, ինչը խոսում է այն մասին, որ Չինաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա հասարակության շրջանում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Մասնակիցների ցանկում մենք տեսանք ինչպես պատանիների, երիտասարդների, այնպես էլ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների: Ասեմ, որ հաճելիորեն զարմացրել է հայ բարեկամների հետաքրքրությունը Չինաստանի մշակույթի և պատմության հանդեպ: Ինչպես գիտեք, նշվում է Չինաստանի կազմավորման 70-ամյակը, և ահա այս մրցույթը հնարավորություն տվեց էլ ավելի ծանոթանալու մեր երկրի պատմությանը»,-ասաց դեսպանը: Նրա խոսքով՝ 27 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, հայ-չինական հարաբերությունները զարգացել են հստակ ուղղությամբ ոչ միայն տնտեսական, առևտրային, այլև հումանիտար փոխանակումների ոլորտում, ինչը երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գրավականն է: Ըստ դեսպանի՝ հայ-չինական հարաբերությունների հստակ զարգացման վառ ապացույցներից է այն, որ այս մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում Հայ-չինական բարեկամության դպրոցում:

«Երևանի փողոցներում կարող ենք տեսնել հայ-չինական բարեկամության ավտոբուսները, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենաները: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում հայ-չինական հարաբերությունները մուտք են գործել նոր փուլ: Կարծում եմ, որ երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը նպաստելու է նաև առանց վիզայի ռեժիմի հաստատումը: Այդ դեպքում էլ ավելի հաճախակի կդառնան միջմշակութային փոխանակումները: Ես վստահ եմ, որ երկու կողմերի ջանասեր աշխատանքի շնորհիվ համագործակցությունը գնալով զարգանալու է»,-հավելեց դեսպանը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, շնորհավորելով մասնակիցներին ու կազմակերպչական խմբին, նշեց, որ մրցույթի գաղափարի հիմքում փնտրտուքն է, և այդ ճանապարհով ընկերներով, ընտանիքներով անցնելն է:

«20 տարի առաջ ես նույնպես մասնակցել եմ Չինաստանը ճանաչելու մասին մի մրցույթի, գրավել եմ երրորդ տեղը: Հիշում եմ, թե ինչպես էինք ընկերներով հաստափոր հարցաշարերը լրացնում՝ մեզ համար նոր քաղաքակրթություն բացահայտելով: Մի քաղաքակրթություն, որն ունի հարուստ պատմություն, մշակույթ՝ հիմնված արժեքների վրա, այն տվել է մեծ փիլիսոփաներ, մեծ մտածողներ, պատմական հզոր դեմքեր: Այսօր այն 21-րդ դարում աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից մեկն է, մեր ժողովրդի, մեր պետության բարեկամը: Մեծ պատիվ է նման հարուստ պատմություն, մշակույթ ունեցող բարեկամին ուսումնասիրելը: Գաղափարը մրցույթի հենց փնտրտուքն էր, և ահա այդ ճանապարհով անցան մեր մասնակիցները: Ես շնորհավորում եմ բոլորիս, հաղթել ենք մենք բոլորս»,-ասաց Արամ Անանյանը:

ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը, շնորհավորելով թե մասնակիցներին, թե կազմակերպիչներին, նշեց, որ այսպիսի միջոցառումները նպաստում են մեր հասարակության շրջանում Չինաստանի վերաբերյալ ճանաչողության բարձրացմանը: «Այս տարի Չինաստանի կազմավորման 70-ամյակն է նշվում, և Չինաստանի դեսպանատունը Հայաստանի տարբեր գերատեսչությունների, հաստատությունների հետ մի շարք միջոցառումներ է կազմակերպում ամբողջ տարվա ընթացքում: Այս մրցույթը մասնակիցների համար հիանալի հնարավորություն էր ճանաչելու Չինաստանը, ավելի մոտիկից ծանոթանալու երկրին: Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են մեր երկու ժողովուրդների միջև կապերի առավել խորացմանը»,-ասաց Մնացական Սաֆարյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին մասնակիցներն ու կազմակերպիչները հիշարժան պահն ամրագրեցին միասնական լուսանկարով: Ավարտին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով:

Մրցույթ-վիկտորինան կազմակերպվել է ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Հարցերի շրջանակը լայն էր, շոշափվել են տարբեր թեմաներ: Եղել են հարցեր Չինաստանի մշակույթի, տնտեսության, քաղաքականության, պատմության և շատ այլ ոլորտների վերաբերյալ:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]