Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ԱԻՆ-ն ուղղաթիռի ներգրավմամբ անցկացրել է խոշոր ուսումնավարժություն

ԱԻՆ-ն ուղղաթիռի ներգրավմամբ անցկացրել է խոշոր ուսումնավարժություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 12-ին անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» թեմայով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ընդհանուր մակերեսը հողային տարածքների հետ միասին կազմում է 9,5 հեկտար, որից համալիրի մակերեսը 4 հեկտար է:

Ըստ վարժանքի սցենարի՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում, որը տարածվում է բոլոր ուղղություններով: Ծխի բարձր խտության պատճառով որոշ մարդիկ արգելափակվում են սենյակներում, կան տուժածներ:

Ահազանգ ստանալուց անմիջապես հետո «911» ծառայության օպերատորը սահմանված կարգով դեպքի վայր է ուղարկում 6 մարտական հաշվարկ, արձագանքման և հոգեբանական աջակցության խմբեր, ինչպես նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի առաջին օգնության խումբը:

Դեպքի մասին սահմանված կարգով զեկուցվում է ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմին, ինչպես նաև տեղեկացվում են համապատասխան ծառայությունները:

Համալիրի պահակային և ներքին հակահրդեհային ծառայությունը կազմակերպում է մոտ 70 աշխատակիցների և քաղաքացիների տարհանում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները, իրականացնելով տեղանքի հետախուզություն, պարզում են, որ այրվում է Համալիրի սպորտային դահլիճի բեմական հատվածը՝ 200 քմ տարածքով:

Հետախուզությունը պարզում է նաև կրակի տարածման ուղղությունները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհները, հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը, մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու ճանապարհներն ու եղանակները:

Միաժամանակ իրականացվում են և՛ փրկարարական, և՛ հրդեհաշիջման աշխատանքներ:

Փրկարարական խումբը, օգտագործելով փրկարարական գույք և սարքավորումներ, իրականացնում է արգելափակված երկու տուժածների տարհանում՝  «գծանց» և «տուժածի իջեցում փրկարարի օգնությամբ» հնարքների կիրառմամբ:

ԱԻՆ առաջին բուժօգնության խումբը ծավալում է բժշկական կետ՝ տեսակավորելով և բուժօգնություն ցուցաբերելով տուժածներին, իսկ ծանր վնասվածքով տուժածը տեղափոխվում է սանավիացիայի ուղղաթիռով:

Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում հրդեհը նախ մեկուսացվեց, իսկ քիչ անց ամբողջությամբ մարվեց:

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրավված էին նաև Առողջապահության նախարարության շտապօգնության երկու ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախումբ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր, ինչպես նաև «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի մեկ ուղղաթիռ:

Ուսումնավարժանքի ավարտից հետո նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ