ԱԺ-ն քննարկում է խորհրդարանի խոսնակին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց Կարապետյանը:
«Փոփոխություններն ուղղված են խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությամբ պայմանավորված ԱԺ դերի բարձրացմանը և կարևորության ընդգծմանը: Հայաստանի Հանրապետությունն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, և պետք է կարողանա հավուր պատշաճի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել բոլոր ասպեկտներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, և առաջարկներ ներկայացնելու օրակարգի ու քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ: Նույնաբովանդակ լրացումներ կատարվում են նաև «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում»,- նշեց Աննա Կարապետյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում