Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով

ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու 
հարցով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նամակ է ստացել «Սպայկա» ընկերությունից՝ պանրով բեռնված բեռնատարարները Վերին Լարսի անցակետից հետ ուղարկելու հարցի վերաբերյալ և սկսել է զբաղվել խնդրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդկացման տեխնոլոգիաների հարցերով Կոլգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Սպայկա»-ն դիմել է մեզ, մենք 2 օր առաջ նամակ ենք ստացել ընկերությունից: Մենք երեկվանից սկսել ենք այդ հարցով զբաղվել, այսօր հուսով եմ, որ կազմակերպության հետ այդ հարցերի շուրջ կխոսենք, ավելի խորությամբ կհասկանանք խնդիրը: Հիմնական խնդիրը հիմա այդ պանրի ծագման հարցն է: Ռուսական կողմից դեռևս չի ստացվել պաշտոնական եզրակացությունը, թե ինչ փաստերի հիման վրա է այդ պանիրը համարվել ոչ հայկական: Պետք է հասկանանք, թե Հայաստանում այդ պանիրն ինչ լաբորատոր փորձարկումներ է անցել, դա համադրենք, հասկանանք ճշմարտությունը, և դրա հիման վրա անենք եզրակացություն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ եթե պանիրն իսկապես հայկական է, ապա ռուսական մաքսատան պատասխանատուների առաջ պետք է հարց դնել, թե ինչու այն ծագման պատճառաբանությամբ բաց չի թողնվել:

Մինասյանը նկատեց՝ սակայն դա գործընթաց է, որին դեռ պետք է հասնել, առանց փաստերի անիմաստ է:  Նա շեշտեց՝ իրենց համար կարևոր է պարզել ճշմարտությունը, թե որն է խնդիրը: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ առհասարակ բավականին օբյեկտիվ հիմքեր են լինում, որ ավտոմեքենաների մինչև 5 տոկոսը կանգնեցվում է անցակետում, քանի որ երբեմն տնտեսավարողները բարեխիղճ չեն լինում:

Անդրադառնալով Լարսի անցակետում կուտակումներին առհասարակ ՝ Մինասյանը կարևորեց, որ մաքսային մարմինների մեջ ստեղծվի վստահություն: Նա կարևորեց, որ օրինակ Ռուսաստանի անցակետում վստահեն Հայաստանի ստուգմանը ու ավտոմեքենան բաց թողնեն առանց ստուգման: «Դրա համար մենք պետք է արդյունավետ մեխանիզմներ ներդնենք, որ մաքսային անցակետերում վստահ լինեն, որ լեգալ, ոչ կոնտրաֆակտ ապրանք է շրջանառվում երկրների մեջ»,-նշեց նա:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել էր «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենան Վերին Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Նախարարության կողմից կապ էր հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ։ Վերջիններս տեղեկացրել են, որ մեքենաները ժամանակավոր բաց չթողնելու պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից:
Ըստ վերջիններիս կողմից փոխանցված տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ:

Ավելի ուշ «Սպայկա» ընկերությունից տեղեկացրել էին, որ ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո վերադարձվել է Հայաստան: Ընկերությունը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշվել է՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»: «Սպայկա»-ից հայտնել էին նաև, որ կրում են մեծ վնասներ, պանիրը կորցնում է իր պիտանելիության ժամկետի օրերը, իսկ պանիրը չմատակարարելու համար ենթարկվել է տույժերի և տուգանքների պատվիրատուների կողմից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ