Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը

Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ճանապարհաշինական 
ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Բարբորա Զեմանովային‚ Գոհար Հովհաննիսյանին և Ֆրանչեսկա Ռինալդիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության շրջանակները։

Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ մոտ 27.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման ընթացքի մասին մանրամասներ‚ մասնավորապես‚ նշվել է‚ որ տվյալ հատվածում իրականացվում են հողային աշխատանքներ‚ արհեստական կառուցվածքներ։ Քննարկվել են Տրանշ 3-ի աշխատանքային ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ին և Տրանշ-5-ին։

Կողմերը խոսել են նաև Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի մասին։ Նշվել է‚ որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԵՆԲ-ի  կողմից հատկացվելիք դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՀՀ մի շարք ավտոճանապարհների վրա արդեն ընտրված 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը‚ միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով‚ վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը‚ ճանապարհային անվտանգության իրազեկմանն ու ուսուցմանը‚ ինչպես նաև՝ այլ նպատակների։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ