1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների 
օրակարգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ Պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: «Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով: Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, նաև Չինաստանի հետ պայմանագիրը: Այս համատեքստում, բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները և մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է: Այս ամենը ստեղծում են շատ կարևոր ազդակներ՝ մեր երկրների միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին, և իհարկե, ինչպես Դուք վերջերս հայտարարեցիք, ես նույնպես շատ մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Ուրախ եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Երևանում»,- նշել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը  վարչապետին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի ջերմ ողջույնները և ընդգծել տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումների փաստը: «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Ուրախ ենք, որ զարգանում է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական և տնտեսական համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարությունը  տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը և հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման առումով:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]