Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երիտասարդների մասնակցությունը նկատելի աճել է քաղաքացիական ու քաղաքական գործընթացներում

Երիտասարդների մասնակցությունը նկատելի աճել է քաղաքացիական ու քաղաքական 
գործընթացներում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հեղափոխությունից հետո քաղաքացիական, քաղաքական գործընթացներում երիտասարդների մասնակցության թվերը նկատելի աճել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը, ներկայացնելով իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, նշեց, որ այդ թիվն աճել է 10-12 տոկոսով: Քաղաքական անցուդարձով հետաքրքրվողների թիվն այսօր 82 տոկոս է, մինչ հեղափոխությունը մոտ 70 տոկոս էր: Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ նվազել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններում որոշումներ կայացնող երիտասարդների թիվը: Եթե նախկինում  7-8 տոկոս էր, ապա այսօր 5 տոկոս է:

«Սա բացատրում ենք այն հանգամանքով, որ երիտասարդների զգալի մասը անցել է քաղաքականություն, իսկ քաղաքացիական կազմակերպություններում նրանց փոխարեն նոր երիտասարդներ չեն եկել: Ի դեպ, վերջերս հեղափոխությունից հետո շատ հրավերներ են լինում, որ մեր երիտասարդների մեկնեն տարբեր երկրներ ներկայացնելու իրենց փորձը:  Իհարկե, բավարարված չենք երիտասարդների կազմակերպվածությամբ, և գտնում ենք, որ այստեղ անելիքներ կան»,-ասաց Ատոմ Մխիթարյանը: Նա նշեց, որ Երիտասարդների գրեթե 100 տոկոսն ակտիվ է սոցցանցերում, 80 տոկոսն էլ կամավորական աշխատանքի փորձ ունի:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ձգտումներին, ապա եվրոպական կառույցների հետ ինտեգրացիային դրական է վերաբերում հարցվածների մոտ 80 տոկոսը, մոտ 65 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիային: Հայաստանից դուրս որտեղ կցանկանայիք ապրել հարցին երիտասարդների 37 տոկոսը նշել է Ռուսաստանը, 23 տոկոս՝ ԱՄՆ, 36 տոկոսը՝ ԵՄ:

Հարցումները ցույց են տալիս, որ հեղափոխությունից առաջ և հետո կրթության առնչությամբ երիտասարդների ձգտումները նույնն են մնացել: Մասնավորապես, երիտասարդների 40 տոկոսից ավելին ցանկանում է կրթություն ստանալ արտասահմանում, 28 տոկոսը նախընտրում է կրթության գործընթացի մի մասը կազմակերպել Հայաստանում, մի մասն արտասահմանում: Միայն Հայաստանում ցանկանում է կրթություն ստանալ հարցվածների 30 տոկոսը:

Ըստ հարցումների՝ ուսուցողական ծրագրերին մասնակցել է երիտասարդների 36 տոկոսը, այս ցուցանիշը մինչ հեղափոխական շրջանի տվյալների հետ համեմատ աճել է 10 տոկոսով: Ատոմ Մխիթարյանի խոսքով, սա արդյունք է նրա, որ երիտասարդական կազմակերպություններն ավելի ակտիվ են: 22-30 տարեկան երիտասարդների մոտ 45 տոկոսը կարողանում է աշխատել ուսմանը զուգահեռ:

Ատոմ Մխիթարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ամուսնությունների տարիքն անընդհատ աճում է: Տղաների ամուսնության միջին տարիքը մոտենում է 30-ին, աղջիկներինը՝ 26: Ուշ ամուսնանալու պատճառն այն է, որ երիտասարդները ձգտում են նախ բարելավել պայմանները՝ ուսումն ավարտած լինի, լավ աշխատանք, առանձին ապրելու հնարավորություն: Դրան հասնելու գործընթացը բավական բարդ է դարձել: Ատոմ Մխիթարյանի խոսքով, պետական երիտասարդության քաղաքականության նոր ռազմավարության անհրաժեշտություն կա:

Երիտասարդական ակումբների դաշնությունը հարցումներն անցկացրել է սեպտեմբերի-հոկտեմբերի ամսիներին, մասնակցել է 800 երիտասարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]