Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Արման Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ոստիկանության ՊՊԾ գունդ

Արման Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ոստիկանության ՊՊԾ գունդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով եղավ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ողջունելով ոստիկաններին՝ նա կարևորեց պարեկապահակետային ծառայության դերը ոստիկանության համակարգում, նշեց, որ գնդի ոստիկաններն իրականացնում են պատվաբեր ծառայություն և աչքի ընկած բոլոր ծառայողները կարժանանան համապատասխան խրախուսանքների։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց պարեկապահակետային ոստիկանների ծառայության ու կարգապահության մասին, նաև հորդորեց անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ, ծառայողական պարապմունքների ընթացքում քննարկել կոնկրետ օրինակներ ու դեպքեր, որոնք կօգնեն ոստիկաններին իրականացնելու բաձրորակ պրոֆեսիոնալ ծառայություն։

Արման Սարգսյանը հանդիպեց օրեր առաջ «Հաղթանակ» կամրջի վրա քաղաքացուն օգնության շտապելիս վրաերթի ենթարկված ոստիկանին և շնորհակալություն հայտնեց սրտացավ ծառայության համար։

Հանդիսավոր երթից հետո ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Արման Սարգսյանը շրջեց գնդի տարածքում, ծանոթացավ ոստիկանական ծառայողական մեքենաների սարքինությանը, տեխնիկական հագեցվածությանը, եղավ հրաձգարանում, հետևեց կրակային պարապմունքին, դիտեց ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների պարապմունքները։

Այցի ընթացքում Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատարության հետ քննարկեց ծառայությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ