Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վաղ ախտորոշումից մինչև վահանաձև գեղձի քաղցկեղի բուժում.Երևանում բացվեց միջուկային բժշկության կենտրոն

Վաղ ախտորոշումից մինչև վահանաձև գեղձի քաղցկեղի բուժում.Երևանում բացվեց 
միջուկային բժշկության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցիներն այսուհետ հնարավորություն կստանան գերժամանակակից սարքավորման շնորհիվ վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղային բոլոր հիվանդությունները և ռադիոակտիվ յոդի թերապիայով բուժել վահանաձև գեղձի չարորակ ուռուցքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Էրեբունի ԲԿ-ում բացվեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ կենտրոնի աշխատանքին:

«Միջուկային բժշկությունն աշխարհում ամենաթրենդային ուղղությունն է առողջապահության մեջ: Այստեղ բժիշկներն ու ֆիզիկոսները  միասին կարողանում են բուժել այն խնդիրները, որոնք նախկինում հնարավոր չէր: Կան քաղցկեղային հիվանդություններ, որոնք լիովին բուժվում են միջուկային բժշկության շնորհիվ: Այդ պատճառով «Էրեբունի» ԲԿ-ի ղեկավարությունը՝ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը որոշում կայացրեց, որ Հայաստանում ունենանք գերզարգացած կենտրոն: Այս պահին կենտրոնն աշխատելու է դիագնոստիկայի վրա: Այսինքն` նկարվելու են ոսկորները, երիկամերը, վահանաձև գեղձը և մնացած օրգանները՝ վաղ փուլում հայտնաբերելու ուռուցքային հիվանդությունները: Վահանաձև գեղձի չարորակ հիվանդությունների բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի թերապիայով»,-ասաց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Կենտրոնն աշխատելու է գերժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական արտադրության Գամմա խցիկով, որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլ նաև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկրային խնդիրները: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով: Կենտրոնն իզոտոպ արտադրող եվրոպական գրեթե ամենամեծ գործարանի հետ կնքել է պայմանագիր, և այդ դեղերը ինքնաթիռով գալու են Հայաստան: Եթե Հայաստանում ստաբիլ լավ որակի իզոտոպ արտադրվի, կենտրոնի ղեկավարությունը պատրաստ է դա գնել Հայաստանից: Մանուկյանը նշեց՝  Հայաստանում գրանցել են իզոտոպային դեղ, որն անցել է բոլոր ընթացակարգերը: Վաղն արդեն ունեն պացիենտներ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Կենտրոնն այժմ աշխատանքներ է տանում՝ առաջիկայում Հայաստան բերելու նաև այլ իզոտոպներ, որոնք օգտագործվում են շագանակագեղձի, արգանդի քաղցկեղի բուժման համար:

 Կենտրոնի ստեղծման համար արվել է ավելի քան 600 մլն դրամի ներդրում: Կենտրոնը բավարարում է հատուկ պահանջների, անգամ շինարարությունը սովորական չէ, ամբողջ կենտրոնի պատերը անվտանգության նպատակով ծածկված են հատուկ նյութով՝ կապարով Այն անվտանգության տեսանկյունից ստացել է արդեն համապատասխան լիցենզիաները: Մանուկյանը հավաստիացնում է՝ կենտրոնն անվտանգ է թե պացիենտների, թե բուժաշխատողների համար:

Կենտրոնում բուժման համար կան տարբեր գնային սանդղակներ ՝ կախված նրանից, թե պացիենտն ինչ դոզա է ստանալու:  Մանուկյանը վստահեցնում է՝ բուժումը լինելու է մատչելի: «Հայաստանից տարեկան ավելի քան 200 հիվանդ ստիպված էր լինում գնալ այլ երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, նաև Եվրոպա՝ բուժվելու, հիմա նրանք հնարավորություն կստանան բուժվելու Հայաստանում: Բոլոր մասնագետները լուրջ վերապատրաստված են, կա երիտասարդ ֆիզիկոսների թիմ»,-նշեց Մանուկյանն ու հավելեց՝ գերժամանակակից սարքավորմամբ հետազոտությունը կարժենա մոտ 40 հազար դրամ:

Երևանում Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը կղեկավարի ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դեռ Լանգեն, ով այդ ոլորտում աշխատել է Վրաստանում նաև Ավստրիայում: «Ամենակարևորն այն է, որ ամբողջ տեխնիկական պարամետրերը ամենաբարձր, ես կասեի, համաշխարհային մակարդակի վրա են: Կարևոր է ոչ միայն բժշկական անձնակազմը, այլ նաև բժիշկ-ֆիզիկոսների կազմը, այս կենտրոնում կան բոլոր հնարավորությունները, որպեսզի բժիշկներն ու բժիշկ-ֆիզիկոսները սինխրոն աշխատեն և հասցնեն այն, որ պացիենտը ախտորոշումն ու թերապիան ստանա եվրոպական ամենաբարձր մակարդակով»,-ասաց նա:

Ղեկավարը նկատեց՝ վահանաձև գեղձի խնդիրները տարածված են այս տարածաշրջանում: «Պացիենտները, որոնք մինչև այս գալիս էին մեզ մոտ՝ Վրաստան, ապա այս կլինիկայի բացումից հետո հնարավորություն կունենան ստանալ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ նաև Հայաստանում: Ես ի նկատի ունեմ ռադիոակտիվ յոդի միջոցով թերապիան: Դա շատ կարևոր է ողջ տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում»,-ասաց Լանգեն ու նշեց՝ իր կարծիքով կենտրոնը կընդունի պացիենտների ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]