Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց 
կերամիկական սպասքի գործարան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ: «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500-1000 հայաստանցու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 7-ին, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում: Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար-փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300-500-ի:  Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,-ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու  վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի նույն ժամանակ գործարանը կունենա 1000-ից ավելի աշխատատեղ:

Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն իրացվելու է Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո, Italian Stoneware –ը պատրաստակամ է անել ավելին: Մինչև 2020-ի փետրվար ամիսը պետք է հասցնեն 300 աշխատակից գտնել՝ թեև այժմ դժվարություններ ունեն աշխատակիցներ գտնելու հարցում:

Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին նշեց, որ արդեն նախագիծ էին կազմել, մեծ աշխատանք էին տարել ու պատրաստվել  Վրաստանում բացել այդ գործարանը, երբ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է այդ նույնն անել Հայաստանում: «Այսպիսով` 4 ամսվա ընթացքում համաձայնության եկանք, կազմեցինք մեր ընդհանուր նպատակը և պայմանավորվեցինք բացել այս գործարանը, որտեղ ներկայանում է «Ցերամիսիա» ընկերությունը: Վերջինս ներկայացված է աշխարհի ավելի քան 5000 խանութներում: 4 ամսվա ընթացքում մենք ահռելի աշխատանք ենք տարել»,-ասաց Պոլիդորին:

 Գործարանի ողջ ղեկավար կազմն Իտալիայից է, աշխատակիցները բոլորը վերապատրաստման դասընթացներ են անցել Իտալիայում։  Պոլիդորին նշեց՝ Գագիկ Ծառուկյանը կառուցել է այս շինությունը՝ ցանկություն ունենալով Հայաստանում հիմնել մի արտադրություն, որը նախկինում գոյություն չի ունեցել:  Նա շեշտեց՝ այդ ամենում որոշիչ դեր է ունեցել նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը դեպի Հայաստան՝ տնտեսական գործունեությունը զարգացնելու համար: «Առանց դրա, այդ ամենը հնարավոր չէր լինի: Իմ կարծիքով՝ նոր Հայաստանը մեծ ապագա է ունենալու»,-ասաց նա:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ևս դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց՝Փաշինյանի՝ Հայաստանում տնտեսական գործունեությանը սատարելու ուղերձը մեծ ազդեցություն է ունեցել նաև Իտալիայում: «Սա 7 օրվա ընթացքում 3-րդ հստակ արդյունքն է, որ տեսնում ենք Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերություններում տնտեսության ոլորտում: Սա եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն է, որի աշխատակիցների թիվն աստիճանաբար կավելանա: Իտալիան ամբողջությամբ աջակցում է այս աշխատանքին, գաղափարին»,-ասաց նա:

Italian Stoneware հոլդինգն ամբողջ աշխարհում զբաղվում է հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Կերամիկական սեղանի սպասքի նույնանուն մի քանի գործարանները հանդիսանում են հոլդինգի զարդը: Ceramisia-ի առանձնահատկությունը կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware- քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում և լվանալ ամաններ լվացող սարքում, ինչի համար էլ գրավում է բարձր պահանջներ ունեցող սպառողի ուշադրությունը: Հանդիսանալով էկոլոգիապես մաքուր, ամուր, որակյալ և Իտալական յուրահատուկ դիզայնով բրենդ:Տասնյակ տարիների ընթացքում Ceramisia-ն հասցրել է հայտնվել աշխարհի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ասիական տարբեր երկրներ, շուտով արդեն Ռուսաստան և հարակից մյուս երկրներում:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ